Աշխարհում մարդիկ սկսել են ընդդիմանալ բռնապետներին՝ Human Rights Watch
Աշխարհով մեկ անազատ երկրներում ապրող մարդիկ սկսել են ընդդիմանալ իրենց երկրների բռնապետ ղեկավարներին: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հինգշաբթի հրապարակված նոր զեկույցի մեջ հայտարարում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:
«Հետաքրքիր է, որ այս միտումը նկատվում է նույնիսկ ամենադաժան պետություններում», – Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի խոսքով, թե՛ սեփական քաղաքացիներին ռմբակոծող Սիրիայի ղեկավարությունը եւ թե՛ Յեմենում միլիոնավոր մարդկանց ծայրահեղ աղքատության հասցրած սաուդների դաշինքը խիստ հակահարված ստացան ինչպես միջազգային ասպարեզում այնպես էլ՝ սեփական երկրներում:
Միեւնույն ժամանակ, ժողովրդավարության ավանդական պահապան երկրները 2018-ին համաշխարհային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանությամբ գրեթե չեն զբաղվել, ավելացրել է Ռոթը.
«Թրամփը զբաղված էր իրեն բարեկամական թվացող բռնապետների գովաբանությամբ, Բրիտանիան զբաղված էր Բրեքզիտով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոստումները իրականություն չդարձան: Նույնիսկ Գերմանիայում կանցլեր Մերքելի դիրքերը թուլացան աջակողմյան ուժերի ջանքերով»:
Իրականում 2018-ին միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ արդյունքների էին հասնում միասնական դիրքերից հանդես եկող փոքր եւ միջին ժողովրդավար երկրները, որոնց ճնշումները հաճախ լուրջ դրական հետեւանքների էր բերում, նշում է Քենեթ Ռոթը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, զեկույցում առաջին հերթին ընդգծվում է երկրում անցած «թավշյա հեղափոխությունը»: «Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայով վարակված, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ գրանցած երկիր»,- նշված է զեկույցում:
Իրավապաշտպանները հիշեցնում են՝ Հայաստանում առկա էին իրավապահների կողմից գործադրված բռնություններ, ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, բռնություններ եւ խտրականություն միասեռականների նկատմամբ:
Հարեւան Ադրբեջանում «մարդու իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակը 2018-ին չի բարելավել», Թուրքիայում Ռեջեփ Էրդողանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը, իսկ Իրանում շարունակվել են իշխանության դեմ բողոքող քաղաքացիների ձերբակալություններն ու սպանությունները: Ռուսաստանում իշխանություններն ուժեղացրել են ճնշումը քաղաքական ընդդիմության նկատմաբ, իսկ Եվրամիությունը կանգնել է նոր խնդրի առաջ.
«Լեհաստանն ու Հունգարիան իմ կարծիքով Եվրամիության ներսում ժողովրդավար սկզբունքների համար երկու հիմնական սպառնալիքն են»,- Քենեթ Ռոթի խոսքով, պաշտպանելով մարդու իրավունքներն իր սահմաններից դուրս, Եվրամիությունը չի ակնկալել, որ լուրջ խնդիրներ կունենա նաեւ իր ներսում, ուստի, որեւէ մեխանիզմներ դրա համար չի նախատեսել: