«Նորֆոլկ Քոնսալթինգն» այլևս չի աշխատում, նրա կողմից պետությանը պատճառված 7 մլն դոլարի վնասը վերականգնվել է
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ «Նորֆոլկ Քոնսալթինգը» չի աշխատում, չկա նրա իրավահաջորդը, և ըստ էության նրա «գործառույթներն» իրականացում է ՊԵԿ-ը։
Նրա խոսքով՝ ընկերության կողմից պետությանը պատճառված 7 մլն դոլարի վնասը վերականգնվել է։
Ինչ վերաբերում է մենաշնորհներին, Դ. Անանյանը նշեց, որ չկա այն օղակը, որը ժամանակին ստեղծվել էր որոշակի դերակատարություն ունենալու կամ ապահովելու համար։
«Կարծում եմ՝ մենք կարողացանք վերջին մի քանի ամիսների ընթացքում ստեղծել հանգիստ, աշխատանքային բիզնես պրակտիկա, երբ անձինք, որոնք ներկրում են հագուստ, իրենք են ներկայանում մաքսային մարմիններ և մաքսազերծում իրենց ներկրած ապրանքը»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ շաքարավազի ներկրողները շատացել են, բայց արդյո՞ք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ տարիներ շարունակ այդ ոլորտում մենաշնորհ ունեցողը տնտեսական մրցակցության առումով հոժարակամ կցանկանա իր դիրքերը կիսել այլ տնտեսվարողների հետ։
«Բնականաբար, ոչ, քանի որ այսօր գործում են տնտեսավարության համահավասարության կանոններ»,- շեշտեց Դ. Անանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրենին, որի ղեկավարած ընկերությունը խուսափել էր առանձնապես խոշոր չափերով հարկերից, տուրքերից և պարտադիր այլ վճարներից։ Նրա գործունեության հետ առնչություն են ունեցել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները։
Զվարթ Խաչատրյան