Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սկսված ստուգումներն այս պահին կասեցված են». ՊԵԿ նախագահ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ստուգումները շարունակվում են, որոնք ընթացիկ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշգրտության համար են արվում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրել էր առանձնապես խոշոր չափով հարկերից խուսափելու մեջ։

ՊԵԿ հայտարարության մեջ նշված էր, որ հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017թթ. ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները։

ՊԵԿ-ի այս հայտարարությունից հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ՊԵԿ-ի հայտարարությանը և նշել, որ այն անհիմն է, և նման բան չկա։

«Այդ ամենն անհիմն է, որովհետև ամռան ամիսները համեմատել են ձմռան ամիսների հետ, չի կարելի ամռան հետ կապված գործունեությունը համեմատել ձմռան հետ և այդ վերլուծությունների հիման վրա հաշվարկել մի քանի միլիարդների հասնող վնասներ հասկացողությունը։ Այն հիմնավորումները, որոնք բերել է ՊԵԿ-ը, բոլորիդ պարզ է, այն, ինչ դուք գիտեք, այդքանը  ես էլ գիտեմ։ՊԵԿ-ի հրապարակումն արատավորել է ընկերության բարի համբավը,  հրապարակումը տեղ է գտել նաև ռուսական մամուլում, որի արդյունքում տեղի խոշոր բանկերից մեկը, որը պետք է «Գազպրոմ Արմենիային» 6,5 տոկոսով 150 մլն դոլար վարկ տրամադրեր, լուրջ անհանգստություններ է արտահայտել, և այժմ վարկի տրամադրումը դրվում է հարցականի տակ»,- ասել էր ընկերության գլխավոր տնօրենը։

«Մենք արդեն մամուլի հաղորդագրություն ենք տվել, որ այնտեղ արդեն կա որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ Ընթացիկ գործընթացը շարունակվում է, խորհուրդ կտայի գազի սակագնի փոփոխության կամ այդպիսի ակնկալիքները որևէ կերպ մեր ընթացիկ գործողությունների հետ չկապել։ Որովհետև առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացնում է, ուղղակի գազալցակայանների այդ գործողությունների համատեքստում թեման մի փոքր ավելի հանրային հնչողություն ստացավ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Դավիթ Անանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սկսված ստուգումները որոշակի ճշգրտող տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով այս պահին կասեցված են։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս