
Իտալիան դիտարկում է Սիրիայում դեսպանությունը վերաբացելու հնարավորությունը

Պաշտոնական Հռոմը դիտարկում է հնարավորությունը՝ վերականգնելու դիվանագիտական ծառայությունների գործունեությունը այն երկրներում, որտեղ դրանք ավելի վաղ փակվել են: Մասնավորապես, խոսքը Սիրիայի մասին է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո Միլանեզին:
«Իտալիան մտածում է կրկին բացել դեսպանատներ այնտեղ, որտեղ դրանք ֆիզիկապես փակվել են, և անել դա ամենալայն մասշտաբով: Ինչ վերաբերում է կոնկրետ սիրիական դեպքին, ապա դա ամբողջությամբ կախված է այդ երկրում իրավիճակի զարգացումից»,- հայտարարել է նախարարը: Նա ընդգծել է, որ Իտալիայի համար առաջնահերթություն է դեսպանատներ ունենալ ամբողջ աշխարհում:
Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Իտալիայի արտգործնախարարը նշել է, որ այդ երկրում իրադրությունը հեռու է կայուն լինելուց, իսկ դիվանագիտական ներկայացուցչության լիարժեք աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ է ավելի լուրջ կարգավորում:
2012 թվականին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետևանքով այդ երկրում Իտալիայի դեսպանը կանչվել էր հետ, իսկ ավելի ուշ հետ էին կանչվել իտալացի մյուս դիվանագետները ևս: