Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության վերաբերյալ նիստը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ներկայացրած միջնորդության քննությունն ընդհատվել էր, քանի որ Դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, ինչն առարկել էր Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանական խումբը։
Սակայն միջնորդության քննությունը չի կայացել, քանի որ դատավորն ինքնաբացարկ է հայտարարել։
Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքնաբացարկի հիմնավորումները հայտնի չեն։
«Կարծում եմ՝ խոսքն արդարադատությունից խուսափելու մասին է, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել էր, չկար։ Ինչ երեկ հնչեցվել է, հայտնի էր դեռևս միջնորդությունը տալու ժամանակ, այնուհետև դեկտեմբերի 28-ի քննության ժամանակ, և, համապատասխանաբար, եթե դատարանը կարծում էր, որ դրանք ինչ-որ ձևով խոչընդոտում են իր անկախությանը, և դա կարող է անաչառ դիտորդի մոտ առաջացնել ինչ-որ խնդիրներ, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին, այնուհետև 28-ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել մինչև այսօր»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա, սա արդարադատությունից խուսափելու դեպք է, երբ դատարանը ստանում է միջնորդություն, այն ընդունում է վարույթ և միջնորդության քննության օր է նշանակում դեկտեմբերի 28-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրը, այնուհետև հետաձգում մինչև հունվարի 9-ը, որից հետո դատավորը հայտարարում է ինքնաբացարկ։
Նա հույս հայտնեց, որ այսօր կամ վաղը հայտնի կդառնա, թե որ դատավորը պետք է քննի ներկայացրած միջնորդությունը։
«Ամեն ինչ կախված կլինի հերթապահ դատավորների առկայությունից, երբ տեղեկանանք, թե ով է, և որտեղ է նիստն ընթանալու՝ կտեղեկացնենք։ Մեր խմբի հետագա գործողությունները պարզ կլինեն միայն այն բանից հետո, երբ հայտնի դառնա, թե ով է քննելու միջնորդությունը, և այն երբ է տեղի ունենալու»,- շեշտեց Ա. Օրբելյանը։
Զվարթ Խաչատրյան