Մինչև 2020-ի հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն. Դավիթ Անանյան
«Ինվոյսային նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը: Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով, ստանալ կողմնորոշիչ գին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար:
Անանյանը հորդորեց քաղաքացիներին, որ եթե ներմուծելու են կասկածելի ինվոյսներով մեքենաներ, միգուցե չգնան այդ քայլին:
Դ.Անանյանը նշեց, որ այն դեպքում, երբ ինվոյսը որոշակի էական շեղում ունի կողմնորոշիչ գնից, ՊԵԿ-ն ուսումնասիրում է այդ ինվոյսը և, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, մաքսազերծումն իրականացվում է ըստ այդ ինվոյսի, բայց դրանից հետո հետբացթողնման հսկողության ժամանակ շատ ավելի խորն են ուսումնասիրում ինվոյսը, հարցումների միջոցով պարզում են՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
«Մենք սա ենք ներմուծել այս տարվանից»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ մաքսազերծումը կրկին կատարվելու է ըստ ինվոյսների, բայց հաշվիչն օգնելու է քաղաքացիներին կողմնորոշվել:
Նա նկատեց, որ այս գործիքն իրենք քաղաքացիների համար են ներմուծել, որ նրանք զարտուղի ճանապարհներով չգնան:
Դ.Անանյանը նշեց, որ հաշվիչի հիմքում դրված գները պարբերաբար կթարմացվեն՝ շուկայականին համապատասխան:
Նրա խոսքով՝ այսօր կան կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին օգնում են կեղծել ինվոյսները, և ՊԵԿ-ը զբաղվում է այդ կազմակերպություններով: Վթարված մեքենաների դեպքում, ըստ Անանյանի, արժեքի որոշում կիրականացնի փորձագետը:
«Մինչև 2020 թ. հունվարի 1-ը միգուցե մեքենաների ներմուծման այս մեծ ծավալները կպահպանվեն, և 2020 թ. հունվարի 1-ից կնկատվի ծավալների շեղակի նվազում, որովհետև բացառությունները, որոնք սահմանվել էին ԵԱՏՄ մուտք գործելու ժամանակ, կվերանան և կգործեն ԵԱՏՄ կանոնները»,- ասաց Դ.Անանյանը: