Ադրբեջանական քարոզչությունն ակտիվանում է, իսկ հայկական կողմը տարօրինակ լռում է
«Վերջին ամիսներին ադրբեջանական քարոզչությունը հակահայկական դաշտում բավականին ակտիվացել է։ Կարծում եմ՝ վերջին օրերին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններում ադրբեջանական քարոզչության մասնակցությունը դրա վառ ապացույցներից էր։ Այդ դեպքը ցույց տվեց, թե ինչպես են նրանք աշխատում՝ տարածելով հայատյացությունը, նաև էսքպերտ անելով երկրից դուրս։ Անընդհատ միջադեպեր ենք նկատում, օրինակ՝ Իսրայելում հայկական ընտանիքի հետ տեղի ունեցածը, որ ադրբեջանական ընտանիքը նրան ճնշումների է ենթարկում և բացասական մթնոլորտ է ստեղծում։ Այսինքն՝ այս ամենը տեղեկատվական պատերազմի բաղադրիչներ են, որոնք պահանջում են ինստիտուցիոնալ լուծումներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական քարոզչության անարգել տարածմանը և ակտիվացմանը։
Նրա խոսքով՝ փորձագիտական մակարդակով ադրբեջանական քարոզչության դեմն առնել հնարավոր չէ։ Փոխարենը՝ պետք է պետական մակարդակով համակարգված աշխատանք տարվի։
Ըստ նրա, պետք է լինեն մարդիկ, որոնք հետևում են ոչ միայն քարոզչությանը, այլև վերլուծում, հակազդում ու կարողանում են նախապես կասեցնել որոշ երևույթներ։
«Վերջին ամիսներին փորձագետները տեսնում են դեպքեր, երբ հայկական կողմից ադրբեջանական քարոզչությանը բացարձակ արձագանք չի լինում, եզրակացնում եմ, որ կան թերացումներ այս ուղղությամբ տարվող աշխատանքներում»,- շեշտեց Ա. Էլիբեկովան։
Հարցին՝ Խոջալուի դեպքերի հետ կապված ադրբեջանական քարոզչությունը կարո՞ղ է ավելի սուր դառնալ, Անժելա Էլիբեկովան պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից քարոզչությունն ավելի է ակտիվանալու:
«Նրանք «սև հունվար» ամսաթիվ ունեն, որը հունվարի 20-ին են նշում և հայտարարում են սգո օր, այսինքն՝ այդ օրը նշում են՝ որպես սովետական զորքի քաղաք մտնելն ու տանկերի տակ, այսպես կոչված, ազատատենչ ադրբեջանցիների մահանալը։ Իրականում իրավիճակը հակառակն է, դա մեկ շաբաթ տևած հայերի ջարդերի կասեցման փորձ է եղել սովետական բանակի կողմից։ Մեր խնդիրն է՝ սա բարձրաձայնել և միջազգային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բաքվում 1990 թվականին, ունենք նաև Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդը, որ նույնպես պետք է ներկայացվի միջազգային հանրությանը»,- նշեց ադրբեջանագետը։
Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը համարժեք ձևով չի պայքարում ադրբեջանական քարոզչության դեմ, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այս հարցի պատասխանն իսկապես չունեմ, քանի որ նախկինում այդ աշխատանքը համակարգված իրականացվել է։ Թե ինչո՞ւ այժմ չի արվում, կարծում եմ՝ այդ հարցին պետք է պատասխանեն պետական կառույցները»։
Զվարթ Խաչատրյան