Փաստաբան Արամ Օրբելյանի և ՍԴ նախագահի բարեկամական հարաբերությունները չեն խանգարի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը
Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության, նշված դրույթն ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորվում է Սահմանադրական դատարանի կողմից:
«Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը՝ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:
Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,- նշված էր հայտարարության մեջ։:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն անդրադառնալով այն խոսակցություններին, որ փաստաբանական խմբից Արամ Օրբելյանը բարեկամական հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, և այս ամենը կարող է որոշակի կասկածներ առաջ բերել գործի հետ կապված, ասաց, որ այդ հարաբերությունների մասին ոչինչ չգիտի, բացի այդ՝ Սահմանադրական դատարանում Արամ Օրբելյանը չի ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի շահերը։
«Եթե ինչ-որ հարաբերություններ կան, ես չգիտեմ՝ դրանք ի՞նչ աստիճանի են և արդյո՞ք կհանգեցնեն նրան, որ Հրայր Թովմասյանը չլինի այդ կազմի մեջ։ Բայց սխալ կլիներ, չէ՞, մտածել, որ, եթե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է, ապա Ա. Օրբելյանն այսուհետև որևէ պարագայում ՍԴ գրվելիք որևէ դիմումի մեջ մասնակցություն չպետք է ունենա։ Կարծում եմ՝ հաշվի առնելով գործի հնչեղությունը, այդ հարաբերությունները դժվար թե որևէ դերակատարություն ունենան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հ. Ալումյանը։
Նա հույս հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության քննությունն այսօր կավարտվի։
Հիշեցնենք, որ դատարանը քննում է Ռ. Քոչարյանին նկատմամբ խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության քննությունը։
Զվարթ Խաչատրյան