Նիկոլ Փաշինյանի ոգևորությունը վաղաժամ է. մասնագետները ուղևորահոսքերի մասին կխոսեն 1 ամսից
Այս տարվա առաջին օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ուղևորահոսքերի մասին։ «2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը -25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից:
Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով:)»,- գրել էր Փաշինյանը:
Սակայն մասնագետները վաղաժամ են համարում վարչապետի պաշտոնակատարի ոգևորությունը՝ մատնացույց անելով ՀՀ-ում հացի սպառման ծավալների կրճատումը, որն ուղիղ համեմատականով առնչվում է դեմոգրաֆիայի ցուցանիշների հետ։
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնագիտական տեսանկյունից զուտ ուղևորահոսքերի ցուցանիշն այնքան էլ կարևոր չէ։
«Դա ընդհանուր ուղևորահոսքի ցուցանիշն է, այսինքն՝ քանի մարդ է մտնում Հայաստան և դուրս գալիս, և այդ ուղաևորահոսքը չի ներառվում հաշվարկների մեջ։ Այսինքն՝ բնակչության թվաքանակը հաշվելիս ԱՎԾ-ն 2 ցուցիչ է օգտագործում՝ տարվա կտրվածքով բնական աճը և միգրացիայի սալդոն։
Վերջինը ձևավորվում է ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչության կողմից տրամադրված տվյալների հիման վրա, ասյինքն՝ ինչքան մարդ է Հայստանում գրանցվել և դուրս եկել գրանցումից, դրա տարբերությունը տալիս է միգրացիոն սալդոն, որը կարող է լինել դրական կամ բացասական։ Վերջին տարիներին այն միշտ եղել է բացասական, այսինքն՝ գրանցումից դուրս եկողներն ավելի շատ են եղել, քան գրանցվողները։ 2018 թ. առաջին ամիսների տվյալներով մենք ունեցել ենք բնակչության նվազում 3000 մարդով։ Ընդ որում՝ բնական աճը դրական է եղել, բայց քանի որ ունեցել ենք միգրացիոն բացասական սալդո, բնակչության թվաքանակը նվազել է։
Հիմա մինչև ԱՎԾ-ն չհրապարակի տարվա ամփոփիչ ցուցանիշները, վաղ է գնահատականներ տալ։ Դա ընդհանուր ուղևորահոսքն է, որը ոչ մի կոնկրետ թվի հաշվարկի վրա չի ազդում»,- ասաց Ա. Մարկոսյանը։
Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ էլ՝ 2004-ին, 2005-ին և 2006-ին, ուղևորահոսքի սալդոն դրական է եղել, բայց իրականում, ըստ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչության, մենք ունեցել ենք 3 տարիներին -39 հազար միգրացիոն բացասական սալդո։
Ա. Մարկոսյանի համոզմամբ՝ այս ցուցիչը պետք է փոփոխության ենթարկել և պետք չի այդքան մեծ տեղ տալ դրան ընդհանուր առմամբ։
«Բայց կարծում եմ՝ հնարավոր է նաև դրական լինի 2018-ի սալդոն, որովհետև թեև առաջին 9 ամիսների կտրվածքով 3000-ով պակասել է, հնարավոր է՝ դրական լինի, որովհետև բնական աճը մեզ մոտ դեռևս դրական է, թեև անցած տարվա համեմատ ծնունդների թիվը նվազել էր։ Դա կերևա մոտ 1 ամսից, երբ ԱՎԾ-ն հրապարակի Հայաստանում մշտական բնակչության թիվը, այդ ժամանակ կարող ենք ասել, թե ինչ է տեղի ունեցել մեր բնակչության թվաքանակի հետ,- ասաց Ա. Մարկոսյանը՝ հավելելով, որ մուտքի ու ելքի առումով մի ցուցիչ էլ կա՝ ՀՀ անձնագրերով իրականացված մուտքն ու ելքը, որը ևս կհրապարակվի,- Դա ավելի կարևոր է, քան ընդհանուր ուղևորահոսքերը, որը վերաբերում է նաև օտարերկրացիներին։ Այնպես որ, դրա վրա շատ կենտրոնանալ պետք չի»։