ՄԱԿ-ը փնտրում է երկիր, որն ապաստան տա Սաուդյան Արաբիայից փախած աղջկան
ՄԱԿ-ն առաջիկա օրերին կգտնի երկիր, որն ապաստան կտա Թաիլանդում գտնվող 18-ամյա աղջկան Սաուդյան Արաբիայից, որն իր ընտանիքից փախել է իր կամքին հակառակ ամուսնացնելու փորձերի պատճառով: Այդ մասին հայտնել է «Քհաո Սոթ» թերթի ինտերնետ-տարբերակը:
Հունվարի 8-ի ցերեկը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի՝ Բանգկոկի ներկայացուցչության գրասենյակի աշխատակիցներն օդանավակայանի շենքից հանել են մի աղջկա, որը գրեթե չորս օր ապրել է տարանցիկ գոտում: Նա ունի երկրում մնալու՝ Թաիլանդի իշխանությունների հնգօրյա թույլտվություն: Հինգ օրվա ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցները պետք է գտնեն երկիր, որը պատրաստ լինի մշտական ապաստան տրամադրելու փախստական աղջկան, հայտնում է հրատարակությունը:
Սաուդյան Արաբիայի բնակչուհի 18-ամյա Ռահաֆ Ալքանունը Բանգկոկ է ժամանել անցյալ շաբաթ օրը որպես տարանցիկ ուղեւոր Ավստրալիա տանող ճանապարհին: Բանգկոկի Սուվանափում օդանավակայանի տարանցիկ սրահում նրա անձնագիրը խլել են Սաուդյան Արաբիայի դեսպանության աշխատակիցները, որոնց նախազգուշացրել էր աղջկա հայրը:
Նրան առաջարկվել է հայրենիք վերադառնալ առաջին իսկ չվերթով, սակայն աղջիկը փախել է դիվանագետներից եւ շաբաթ օրվա առավոտվանից մինչեւ հունվարի 8-ի առավոտը մնացել է օդանավակայանի տարանցիկ սրահում: Ալքանունը շաբաթ օրը սոցիալական ցանցում զետեղել է իր փախուստի եւ դրա պատճառների պատմությունը, ինչից հետո նրա ճակատագրով հետաքրքրվել են իրավապաշտպանները: Կինն իր գրառման մեջ հայտնել է, որ հայրենիքում իրեն սպասում է բանտարկություն, իսկ ազատվելուց հետո՝ հարազատների ձեռքով մահ՝ ընտանիքի պատիվն անարգելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: