
Արցախի ու Հայաստանի պաշտպանության նախարարները եղել են առաջնագծում, մասնակցել «Սահմանապահ խաչքարի» բացմանը

Արցախի Պաշտպանության բանակի զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 31-ին եղել է ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում:
Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած «Սահմանապահ խաչքարի» բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղան մարտական հենակետերում:
Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում պաշտպանության նախարարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորել են մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին և հանձնել ամանորյա նվերներ, միաժամանակ հետաքրքրվել են տեղերում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակով:
Շրջայցի ընթացքում նախարարները եղել են նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպել են բուժման մեջ գտնվող զինվորներին և նրանց մաղթել արագ և լիարժեք ապաքինում: