«Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որն առաջարկում է մինչև 10 մլն դրամի գնումների պարագայում որևէ փաստաթուղթ չպահանջել». Արտակ Մանուկյան
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ն իրականացրել է հետազոտություն 2017-2018 թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումների վերաբերյալ:
Հ/կ նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններ են եղել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ փոխվել են գնումների ոլորտում ՓՄՁ-ների և փոքր ստարտափների գործունեությունը կարգավորող օրենքներից մի քանիսը. «Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է մինչև 10 մլն դրամի գնումների պարագայում որևէ փաստաթուղթ չպահանջել և ազատել հարկայինի կողմից կիրառվող մի շարք «մահակային» փաստաթղթերից։
Օրինակ՝ շատ դեպքեր են եղել, որը նաև բողոքարկման համակարգի միտումների ուսումնասիրությունն է ցույց տալիս: Օրինակ՝ հարկայինը տալիս է տեղեկատվություն, որ ինքը չունի պարտավորություն, հաղթող է ճանաչվում, բայց հետո կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ, և պարզվում է՝ նա ունի պարտավորություն և զրկվում է իր՝ հաղթող լինելու իրավունքից: Սա բավականին մեծ կոռուպցիոն ռիսկ է: Իսկ շրջանառվող նախագծով սա չի պահանջվելու։ Հույս ունենք, որ սրա միջոցով մրցակցությունն ու արդյունավետությունը կավելանան»։
Հաջորդ փոփոխությունը, ըստ տնտեսագետի, վերաբերում է Հայաստանում և ԵՏՄ տարածքում գնումներին մասնակցելու ընթացակարգին. առաջարկվել է սև ցուցակում ընդգրկված մարդկանց թույլ չտալ մասնակցել գնումների:
Արտակ Մանուկյանի խոսքով՝ խնդիրներ են առկա հանրային կազմակերպությունների՝ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունների շրջանակում. «Օրինակ՝ այն թվային և գումարային պատկերացումները, որը կար 2017-ին, մեկ էլ 2018-ին, թվերն ու պայմանագրերը փոխվում են: Սա չպետք է լինի: Այս առումով բավականին լուրջ է նաև վիճակագրության որակը: Հաճախ նույն ֆիրմաները տարբեր անվանումներով մուտքագրվում են, և առկա են տվյալներ անգամ, որ դատարկ տեղեկություններ են։ ««Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ-ը պարտաճանաչ ներկայացնում են իրենց հաշվետվությունները, սակայն, եթե Գնումների մասին օրենքն ասում է, որ մինչև 1 մլն դրամի պարագայում կարող են գնումներ իրականացնել մեկ անձի միջոցով, ապա ՀԷՑ-ը կամայականորեն 50 անգամ այդ շեմն ավելացրել է՝ դարձնելով 50 մլն դրամ»։