Քըրք Քըրքորյան՝ «Լաս Վեգասի արքա»
«Լաս Վեգաս երբ ասում ենք, պետք է ասենք նաեւ Քըրք Քըրքորյանի մասին, ով Վեգասի գլխավոր հիմնադիրներից մեկն է»,- կամավոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատվավոր հյուպատոս Էնդի Արմենյանի խոսքով, Քըրքորյանի ներդրումը զվարճանքների համաշխարհային կենտրոնի զարգացման մեջ այստեղ հիշում են բոլորը:
Ծայրաստիճան աղքատ, կարիքավոր ընտանիքում մեծացած Քըրքը կարողացավ ոչ միայն իր օգնության շնորհիվ փոխել հազարավոր մարդկանց կյանքը այլեւ թողնել իրենից հետո մնայուն ժառանգություն՝ քաղաք, որն այսօր Երկիր մոլորակի ամենավառ կետն է: Քըրք Քըրքորյանն այն եզակի մարդկանցից էր, ովքեր դեռեւս տասնամյակներ առաջ գիտակցեցին՝ Լաս Վեգասի ապագան ոչ թե խաղատների այլ՝ զվարճանքների մայրաքաղաքի վերածվելն է:
«Քըրք Քըրքորյանը եւ Սթիվ Ուինն այն երկու անձինք էին, որ Լաս Վեգասի խաղատների մոտեցումը լիարժեք փոխել են, միայն խաղատների կենտրոնից դարձրել են զվարժանքների կենտրոն», – Էնդի Արմենյանի խոսքով այսօր Լաս Վեգաս, քաղաք, որը կարող է անմիջապես 150,000 մարդու հյուրանոցային համարներ տրամադրել, ժամանում են ընտանիքներով. Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխանող հանգիստ: Առաջին կարգի աստղերի համերգներ, Cirque du Soleil մարմնամարզիկների կրկեսի անկրկնելի ներկայացումներ, Նեվադայի անապատում ստեղծված գոլֆի 50-ից ավելի լիարժեք դաշտ: Անցյալում են մնացել ժամանակները, երբ Լաս Վեգաս ժամանող խաղամոլները բավարարվում էին արագ սննդի կետերով:
«Այսօր այդ մոտեցումը փոխվել է: Ամերիկայի ամենանշանավոր խոհարարները մասնաճյուղ ունեն Լաս Վեգասում»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ պատմում է Արմենյանը:
Լաս Վեգասում են աշխարհի լավագույն 25 հյուրանոցների մեծ մասը. Այստեղ է հանրահայտ շատրվաններով եւ Պետրոսյան սրճարանով «Բելաջիոն», իրական ոսկիով օծված պատուհաններ ունեցող «Միրաժը» եւ սեփական բոուլինգի սրահ ունեցող «Փալմս» խաղատան հյուրանոցային համարները: Եւ այդ ամենի հեղինակներից մեկը Քըրք Քըրքորյանն է, ով, մյուս խոշոր գործարարների հետ միասին Լաս Վեգասից դուրս հանեց հանցավոր կապիտալը՝ վերջ դնելով խաղատներում փողերի լվացումը եւ վերածելով քաղաքը հեքիաթի: Գործ, որի համար էլ Քըրքորյանին այստեղ կոչեցին «Լաս Վեգասի արքա»: