Բաժիններ՝

«Ես վարչապետին ոչ հանդիպել եմ, ոչ էլ ինքն ինձ անձամբ նման բան է ասել». Նազենի Ղարիբյան

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանն անօրինական կերպով է նշանակվել այդ պաշտոնում: Արդեն 7 ամիս է՝ դիմել եմ Մշակույթի նախարարությանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարին՝ ներկայացնելով բոլոր օրինական հիմնավորումները:

Մշակույթի նախարարությունը հանդիպումներ է կազմակերպել, ինձ ընդունել է փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ով շեշտել է, որ ճիշտ է, ամեն ինչ կանեն, որ արդարությունը հաղթի, և փոքր-ինչ ժամանակ է խնդրել: Չեմ կարող չնշել, որ խորհրդարանական ընտրություններից հետո տիկին Մակունցի մոտ ինչ-որ վճռականություն նկատեցինք, բայց ավելի ուշ անօրինական կերպով աշխատանքից կրճատված բալետի արտիստ Բորիս Էմինյանը երբ հանդիպել է փոխնախարար Նազենի Ղարիբյանին, նաև այս հարցն է բարձրաձայնել, ով մեզ, կարելի է ասել՝ «լուսավորել է», նշելով, թե իբր պատրաստ էին դադարեցնել Օրբելյանի լիազորությունները, բայց իրենց Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել՝ հայտարարելով, որ իրավիճակ է փոխվել»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր  Օպերային թատրոնի նախկին աշխատակից, իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանը:

Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ նշեց.

«Ինչ եկել ենք՝ Կոնստանտին Օրբելյանի գործը ժառանգել ենք: Սա ամիսներ է տևում: Օպերային թատրոնն ազգային արժեք է, ցանկացած քայլ պետք է իրոք մինչև վերջ կարողանանք ուսումնասիրել: Ե՛վ նախագահի, և՛ վարչապետի և՛ ՄԻՊ-ի աշխատակազմից  մի քանի անգամ նամակներ ենք ստացել Քրիստինե Նաղդալյանի ու Բորիս Էմինյանի անունից ու դրանց հետքերով գնացել ենք, իրենց էլ պատասխանել ենք պարբերաբար, որովհետև Քրիստինեն ամիսը մեկ նամակ էր ուղարկում վարչապետի աշխատակազմին: Մենք ընթացք ենք տվել գործին:

Ինչ վերաբերում է նրան, թե իբր Օրբելյանի լիազորությունները Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել դադարեցնել՝ ասեմ, որ ամեն ինչ արել ենք, հարցն էլ ուղարկել ենք այնտեղ, որտեղից մեզ էր եկել՝ վարչապետի աշխատակազմ: Ես վարչապետին ոչ հանդիպել եմ, ոչ էլ ինքն ինձ անձամբ նման բան է ասել:  Իրենց ընդամենը ասել եմ, որ պետք է համբերել:

Տպավորությունն այնպիսին է, որ մեզ չեն հավատում, այնինչ, ես ասել եմ, որ մեր մասով աշխատանքը կատարել ենք, հանձնաժողով ենք ստեղծել՝  Արդարադատության նախարարության ներկայացուցչի ընդգրկմամբ, կազմել ենք եզրակացություն, որ այսպիսի կամ այնպիսի խախտումներ կան, բայց փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո եզրակացրինք, որ կետերից մեկն այնքան էլ բավարար չէ, նորից պետք է ամեն ինչ ուսումնասիրենք: Բայց այն, ինչ կա՝ ուղարկել ենք համապատասխան տեղեր, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ»:

Հարցին, իսկ նախարարությունում տեղյա՞կ են, որ որոշ օպերային երգիչների թույլ չեն տալիս ներս մտնել շենք, Նազենի Ղարիբյանը դրական պատասխան տվեց՝ նկատելով.

«Չեք պատկերացնի, թե ինչքան նամակներ կան բողոքների, խախտումների մասին: Ներս թողնել-չթողնելը նախարարության խնդիրը չէ, եթե քրեական հարց չկա: Կարծում եմ՝ օրենքից դուրս բաներ չեն անի, կունենան կանոնակարգ:

Խնդիր է նաև այն, որ դիմում են՝ ասելով, որ երգել են, չեն անցել: Սրանք այնպիսի խնդիրներ են, որ դժվար է լուծել, ևս մեկ ատեստացիոն հանձնաժողով է պետք, և  այլն»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս