Բաժիններ՝

Որքանո՞վ է ազնիվ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի հետ

Այս տարվա գարնանային հեղափոխական իրադարձություններից հետո շատերն էին իրենց ելույթներում նշում, որ իշխանափոխության հիմնական պատճառը երկրում տիրող անարդարությունն էր, ոմանք էլ ասում էին, որ տեղի ունեցածի պատճառն այն էր, որ ՀՀԿ-ն ազնիվ չէր ժողովրդի հետ:

Իսկ որքանո՞վ է ազնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Իհարկե, եթերից շատ ենք լսել անմեղության մասին ելույթներ, սակայն, երբ եթերից տեղափոխվում ենք իրականություն, իրավիճակը 180 աստիճանով փոխվում է: Իրականում, շատ պարզ երևույթների համադրությունը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունն աշխատում է ոչ թե արդյունք ստեղծելու, այլ ժողովրդի «աչքին թոզ փչելու» սկզբունքով:

Դրա ամենավառ օրինակին ականատես եղանք ընդամենը վերջին շաբաթվա ընթացքում և այն ոլորտում, որի համար նախկին ընդիմադիրները մշտապես քննադատում էին նախորդ իշխանություններին: Խոսքը, իհարկե, տնտեսական ցուցանիշների մասին է, և, եթե հիշում եք, ընդդիմությունը մինչ հեղափոխությունը նախկին կառավարությանը մշտապես մեղադրում էր «ցուցանիշներ նկարելու» համար: Փոխվեց իշխանությունը, սակայն չփոխվեց այն ժամանակ «թիվ նկարող» որակված Վիճակագրական կոմիտեի կազմը՝ նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ:

Այս պարագայում, սակայն, դա ամենակարևորը չէ: Դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որի արդյունքներով 2018 թվականի նոյեմբեր ամսին տնտեսության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ արդյունքները:

Ինչպես երևում է գծապատկերից, նոյեմբեր ամսին գյուղատնտեսությունը կրճատվել է 8.3 տոկոսով, շինարարությունը գրեթե 0-ական է, իսկ արդյունաբերության ոլորտն արձանագրել է ընդամենը 1 տոկոսանոց աճ: Համեմատաբար նորմալ է առևտրի ոլորտը, որի աճը ևս զգալի դանդաղել է, իսկ այս ամենի մեջ միակ դրականը շարունակում է մնալ ծառայություների ոլորտը, որի բարձր աճի տակ, բոլորը գիտեն, թե ինչ է թաքնված՝ շահումով խաղերը։

Անդրադառնալով գործող կառավարության անկեղծությանը, ուսումնասիրենք, թե այս ցուցանիշները կառավարական տարբեր կապուղիներով ինչպե՞ս են հրամցվել հասարակությանը: Հաշվի առնելով, որ այս կառավարությունը մեծ տեղ է տալիս ֆեյսբուքահայությանը, ուսումնասիրությունը կանենք հենց այս հարթակում: Այսպես.

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջն այս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշներին ընդհանրապես չի անդրադարձել: Եթե այս տարվա ամռանը ֆուտբոլի առաջնությունով պայմանավորված՝ բարձր տնտեսական ակտիվության ժամանակ նշյալ էջը մի քանի օր շեփորահարում էր այդ աննախադեպ ցուցանիշները, ապա այս ամիս որոշել են լռել՝ պարզ հասկանալով, որ արձանագրված ցուցանիշն ինքնին մի բան չէ, ու այստեղ գլուխ գովելու ոչ մի շանս չունեն. դե ուրեմն՝ ավելի լավ է պարզապես լռել այդ մասին, փոխարենը կարելի է գեղեցիկ դիզայներական լուծումներով ոչ կարևոր թվեր հրապարակել, կարևորը՝ ֆեյսբուքյան լայքերը տեղը կլինեն:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է հետևյալ բովանդակությամբ գրառում:

Ինչպես երևում է էկրանի արտատպումից, գերատեսչությունը հնարամիտ ձևով ծածկել է այս ամսվա վատ արդյունքները՝ ամսական ամփոփ տվյալների փոխարեն՝ ներկայացներով տարեսկզբից առկա կուտակային ցուցանիշը: Ավելին, այդ ցուցանիշներից էլ մեր հարգարժան գործընկերները ծաղկաքաղ են արել՝ թողնելով միայն նրանք, որոնք բարձր են, իսկ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի բացասական ցուցանիշը նախընտրել են հանել ցուցակից:

Ցուցանիշներին անդրադարձած հաջորդ գերատեսչությունը ՀՀ Ֆինանսների նախարարությունն է՝ իր հետևյալ հրապարակմամբ:

Ինչպես կրկին երևում է էկրանի արտատպումից, ՀՀ ֆինանսների նախարարությունն ավելի անկեղծ է գտնվել: Թեև ցուցանիշները ներկայացվել են ոչ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող հաջորդականությամբ, այլ սկզբում հրապարակվել են ավելի բարձրերը, և վերջում միայն՝ ցածր ցուցանիշները: Սակայն, հանուն արդարության՝ պետք է նշենք, որ բոլոր ցուցանիշներն առկա են:

Արդյունքում ստացվում է մի պատկեր, որ այս ցուցանիշին անդրադարձած կառավարական օղակներից ամենաանկեղծը հենց Ֆինանսների նախարարությունն է, ու զարմանալի չէ, որ հաճախակի նշվում է այս կառույցի պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ հենց այդ պրոֆեսիոնալիզմի արդյունքն է, որ մարդիկ գիտեն՝ եթե թեկուզ պետք է ցածր թվերը սահուն անցկացնել, ապա դա կարելի է անել այնպես, որ ոչ ոք չհասկանա։ Ոչ թե մյուս գործընկերների նման պարզապես կտրել-հանել վատ ցուցանիշները՝ թողնելով միայն լավերը, իրենց համար նպաստավորները: Չէ՞ որ մարդիկ, հատկապես պրոֆեսիոնալները, նայում ու հասկանում են… սիրուն չի:

Մաքսիմ Մուսինյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս