
«Չհասկացանք, մենք Երևանից չե՞նք». Քանաքեռցիները՝ Երևանի ավագանու անդամին

«Ոչ համաչափ է վարչական շրջանների աշխատանքը: Օրինակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը վերցնենք: Մասիվում, Զեյթունում այս օրերին շատ գեղեցիկ իլյումինացիաներ են, դեկորատիվ զարդարանքներ, բայց արի ու տես, որ Քանաքեռում չի արվել: Ինձ դիմել են այնտեղի բնակիչներն ու ասում են՝ չհասկացանք, մենք Երևանից չե՞նք: Սա ոչ ճիշտ մոտեցում է, ուստի ես վարչական շրջանի ղեկավարին հորդորում եմ՝ որքան հնարավոր է՝ շուտ միջոցներ ձեռնարկի, որ Քանաքեռի ժողովուրդն էլ այդ տոնական կոլորիտը զգա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:
– Նման բան չկա: Ամբողջ վարչական շրջանը համապատասխան զարդարված է,- 168.am-ին հայտնեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից:
Մեր ճշտող հարցին՝ երբվանի՞ց են սկսել այդ աշխատանքները կատարել՝ պատասխանեցին, թե՝ համապատասխան ժամանակահատվածում:
– Երե՞կ, թե՞ ավելի շուտ:
– Ոչ երեկ, ոչ էլ առաջին օրը: Երբ ստացել ենք համապատասխան գրություն՝ աշխատանքները սկսել ենք,- եղավ պատասխանը:
Անի Կարապետյան