
Մոսկվան արձագանքել է Քադաֆիի որդու՝ Պուտինին հղած խնդրանքին

Մոսկվան կարծում է, որ ոչ մեկին չի կարելի զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում այսպես են մեկնաբանել քաղաքական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Լիբիայի՝ 2011 թվականին տապալված դիկտատոր Մուամար Քադաֆիի որդու խնդրանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Մենք պաշտպանում ենք բոլորին»,- հայտարարել են գերատեսչությունում: Այնտեղ նաեւ նշել են, որ Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը պետք է լինի Լիբիայի քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մասը: Դեկտեմբերի 24-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ 46-ամյա ալ Իսլամը, որը համաներմամբ վերջերս է դուրս եկել բանտից, իր օգնականների եւ Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի միջոցով նամակ է հանձնել Ռուսաստանի ղեկավարին: Դրանում նա ներկայացնում է Լիբիայի իրադրության իր ընկալումը եւ խնդրում աջակցել իր քաղաքական հավակնություններին:
Նշվել է, որ Քադաֆիի որդին պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, որոնք ըստ ՄԱԿ-ի պլանի՝ պետք է երկրում կայանան 2019 թվականին: