«Բոլորս կռիվ ենք տալիս, որ այդ չարաբաստիկ կարմիր գծերը վերացնեն, բայց քաղաքապետարանը 250 միլիոն դրամով ավելացնում է «Փարքինգ Սիթի Սերվիսին» տրվելիք բյուջեն»
Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծում կրճատումներ են արվել, որոնք վերաբերում են քաղաքացիների համար խիստ կարևոր խնդիրների լուծմանը՝ տրանսպորտային համակարգին, վերելակների հիմնանորոգմանը, կանաչապատմանը: Փոխարենը՝ տուրքերն են բարձրացվել և ավելացվել է, օրինակ, քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն։
Այսօր Երևանի քաղաքապետարանի բյուջեի հատկացումների շուրջ ասուլիս էր հրավիրված։
«2019 թվականին 20 տոկոսով կամ 500 դրամով ավելանալու է ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարը: Լուրջ աճ է նախատեսված նաև Երևանի ենթակայության ներքո գտնվող երաժշտության և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով: Օրինակ՝ գործիքային բաժիններում վճարներն ավելանալու են 16 տոկոսով, երգեցողության բաժիններում՝ 28.7 տոկոսով: Եվ երբ այս բոլոր թանկացումները գումարում ենք իրար՝ տխուր պատկեր ենք ստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:
Ինչ վերաբերում է միջին ու մանր բիզնեսին, հատկապես՝ գազալցակայաններին ու բենզալցակայաններին՝ Արման Աբովյանը նշեց, որ այստեղ էլ տուրքերը բարձրացել են 71 տոկոսով:
«Տնտեսական ճգնաժամի այս պայմաններում առհասարակ չէր կարելի ոչ մի դեպքում միջին ու մանր բիզնեսի համար տուրքերը բարձրացնել: Նույնիսկ մի փոքր բարձրացնելը հանգեցնելու է թանկացումների: Անպայման պետք է իջեցնեին տուրքերը, ինչո՞ւ ոչ՝ նաև սառեցնեին: Եթե այսպես շարունակվի՝ հետևանքները տխուր են լինելու, փակվելու են փոքր ու միջին բիզնեսի կետերը, կանգնելու ենք լուրջ սոցիալական խնդրի առջև»,- Երևանի ավագանու ԲՀԿ անդամը:
Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ասաց.
«Ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների ծրագրով նախատեսել էին 694 միլիոն դրամ, նախկինում դա եղել է 444 միլիոն դրամ: Բոլորս կռիվ ենք տալիս, որ այդ չարաբաստիկ կարմիր գծերը վերացնեն, բայց դե ֆակտո Քաղաքապետարանը 250 միլիոն դրամով ավելացնում է «Փարքինգ Սիթի Սերվիսին» տրվելիք բյուջեն: Իսկ ահա առողջապահության ոլորտում 100 միլիոն դրամ հատկացնում են պետպատվերի շրջանակներում բուժվողների սնունդին: Մեկ վայրկյան, ընկերներ, ի՞նչ եք անում: Ո՞նց եք դա վերահսկելու»:
Անի Կարապետյան