
Շվեդիայում սկսվեց «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը

«Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցումը, որը պետք է Ռուսաստանից Գերմանիա ձգվի Բալթիկ ծովի հատակով, հասել է մինչեւ Շվեդիայի տնտեսական գոտի: Այդ մասին հայտնել է Շվեդիայի SR ռադիոկայանը:
Պարզաբանվում է, որ դեկտեմբերի 23-ին Solitaire նավա-խողովակատեղադրիչ ընկերությունը հասել է Շվեդիայի տնտեսական գոտի եւ սկսել է խողովակների տեղակայումը: Շվեդիայի Կառլսհամն քաղաքի նավահանգիստ են հասցվել խողովակները, ուղեգծով դրանց տեղակայման աշխատանքը կընթանա մինչեւ 2019 թվականի ամառ:
«Հյուսիսային հոսք – 2»-ը Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա ձգվող գազատարը երկու գիծ է՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ ընդհանուր հզորությամբ: Նոր խողովակաշարը կառուցվում է «Հյուսիսային հոսքի» կողքին:
Ծովային գազատարը կանցնի Բալթիկ ծովի ափերին գտնվող մի քանի երկրների տարածքային եւ բացառիկ տնտեսական գոտիներով, դրանց թվում են՝ Ռուսաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան եւ Գերմանիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի: