Արթուր Դավթյանը դատախազության շենքի դիմաց հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիների հետ, ովքեր ակցիա են անցկացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց: Արթուր Դավթյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ ստացել են դատական ակտը, համաձայն չեն այդ դատական ակտի հետ: «Մենք մեր հիմնավորումներով պատրաստում ենք համապատասխան բողոքը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այսօր այդ բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան: Սա մեր հավաստիացումն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Հարցին, թե դատարանը քա՞նի օրվա ընթացքում է քննելու դատախազության ներկայացրած բողոքը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Դա օրենքն է կարգավորում, օրենքն ասում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումը իրականացնում է նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում: Այսինքն՝ որ պահին նյութերը կստանա Վերաքննիչ դատարանը, երեք օրվա ընթացքում կնշանակվի նիստ և այդ նիստի ընթացքում կստուգվի Առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը»:
Արթուր Դավթյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կապել է հիվանդությունների հետ. «Դատարանը տեսել է կալանքի հիմքեր, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք: Մենք գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որոնք անհամատեղելի են կալանքի հետ»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների՝ կալանքի հետ համատեղելիությունը ստուգելու համար փորձաքննություն է նշանակված, որի պատասխանները դեռ չկան:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ իրենք կարծում են, որ Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ինչի համար էլ Վերաքննիչ բողոք են ներկայացնում: Ամբողջ ծավալով քննություն է ընթանում, գործը շատ բազմածավալ է, շատ մեծ քանակությամբ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում, նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ»,- մանրամասնեց Դավթյանը: