Բաժիններ՝

Կատարը շրջափակմանը պատասխանել է սպառավաճառքների և հյուրանոցների զեղչերի միամսյակով

Կատարը Դուբայի փորձով հայտարարել է զանգվածային սպառավաճառքների, հյուրանոցների զեղչերի եւ զվարճանքների մեկամսյա փառատոն սկսելու մասին՝ տեղական շուկան աշխուժացնելու համար, որը լճացել է հարեւան երկրների տնտեսական շրջափակման պայմաններում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Սպառավաճառքների սեզոնի պաշտոնական բացման արարողությանը, որն ստացել է Shop Qatar անվանումը, այցելել են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրացի դիվանագետներ եւ լրագրողներ:

Փառատոնին մասնակցում են ամբողջ Կատարի 14 խոշորագույն գերշուկաներ: Այդտեղ գնորդներին գրավելու համար Էմիրությունների իշխանությունները կազմակերպում են ժամանցի հագեցած ծրագիր. կրկեսային արտիստների ելույթներ, «կենդանի» համերգներ, վիճակախաղեր: Յուրաքանչյուրն, ով 200 ռիալի (55 դոլարի) գնում կատարի, իրավունք է ստանում շահելու ավտոմեքենա կամ 10 հազարից մինչեւ 100 հազար ռիալ (3 – 30 հազար դոլար) գումարի դրամական մրցանակ:

Բացի դրանից, սպառավաճառքների փառատոնը, որը կտեւի մինչեւ հունվարի 20-ը, ներառում է նաեւ զեղչեր ամբողջ երկրում տարբեր կատեգորիաների 55 հյուրանոցներում մնալու համար: Հունվարի 5-ից Դոհայում մեկ շաբաթով կբացվի նորաձեւության հատուկ շրջանը, որտեղ տեղի կունենան աշախարհահռչակ դիզայներների նորաձեւության վերջին հավաքածուների ցուցադրություններ, ինչպես նաեւ աշխարհում հայտնի դիմահարդարների վարպետության դասեր:

2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ դադարեցնելով նրա հետ ամեն կարգի հաղորդակցություն, տնտեսական կապերը եւ սահմանելով նրա շրջափակումը: Նրանք հարաբերությունների նորմալացման համար Կատարից պահանջել են կատարել 13 պայման, այդ թվում՝ դադարեցնել ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը եւ փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս