Կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը հարկ կլինի սպասել ևս 200 տարի. Bloomberg
Կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարության հասնելու համար, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության առումով, կպահանջվի եւս 202 տարի: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ զեկույց Գենդերային խզման մասին- 2018»-ը:
Քաղաքականության, առողջապահության եւ կրթության ոլորտներում գենդերային անհավասարությունը մեկ տարում բարելավվել է 0,1 տոկոսից էլ պակաս չափով, ինչը նշանակում է, որ հավասարության հասնելու համար կպահանջվի 108 տարի:
Սակայն տնտեսական հնարավորությունների առումով խզումը մնում է ամենախնդրահարույց բնագավառը:
«Գլոբալ մասշտաբով մենք տեսնում ենք, որ չունենք որեւէ մի երկիր, որը գենդերային հավասարության հասներ՝ անկախ զարգացման մակարդակից, տարածաշրջանից կամ տնտեսության տիպից: Գենդերային անհավասարությունը իրողություն է ամբողջ աշխարհում, եւ մենք դա տեսնում ենք կանանց կյանքի բոլոր ասպեկտներում»,-ասել է Աննա-Կարին Ջաթֆորսը՝ «ՄԱԿ-կանայք» կառույցի տարածաշրջանային տնօրենը:
Նա հավելել է, որ «202 տարին չափազանց երկար ժամանակ է տնտեսական արդարության հասնելու համար»: Գլոբալ վարկանիշային աղյուսակում առաջին տեղն արդեն տասը տարվա ընթացքում զբաղեցնում է Իսլանդիան. լիակատար հավասարության ապահովման ճանապարհը նա հաղթահարել է 85,8 տոկոսով:
Նրան հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան: Տնտեսական հնարավորությունների իրավահավասարության ապահովման բնագավառում նվազագույն առաջընթացն արձանագրած երկրները գտնվում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Դրանց թվում են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Չադը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը: