Բաժիններ՝

Վաշինգտոնը մտադիր է մինչև 2032 թվականն ամբողջովին անցնել էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրների

Միացյալ Նահանգների մայրաքաղաքը պետք է մինչեւ 2032 թվականը լիովին անցնի էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրների եւ զգալիորեն կրճատի աղտոտված նյութերի արտանետումների ծավալը: Համապատասխան օրինագիծը միաձայն ընդունվել է Վաշինգտոնի քաղաքային խորհրդի կողմից։

Խորհրդի նախագահ Ֆիլ Մենդելսոնն օրինագիծը համարել է շատ կարեւոր եւ ենթադրություն է հայտնել, որ այն համանման նախաձեռնությունների մշակման համար «Էտալոն» կդառնա ԱՄՆ-ի այլ քաղաքներում: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը, որն արդեն պաշտպանել է այդ նախաձեռնությունը: Դրանից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսը 30 օր կունենա դրա վրա արգելք դնելու համար: Այդ ժամկետը լրանալուց հետո, արգելքի բացակայության դեպքում, օրենքը կմտնի ուժի մեջ, ինչում բացարձակապես համոզված են մայրաքաղաքի իշխանությունները:

Փաստաթղթի համաձայն՝ քաղաքը մինչեւ 2032 թվականն էլեկտրաէներգիա արտադրելիս կանցնի լիովին վերականգնվող աղբյուրների եւ կհրաժարվի հանածո վառելիքի օգտագործումից: Մայրաքաղաքի իշխանությունները նաեւ պատրաստվում են խթանել, այդ թվում հարկային արտոնություններով, էլեկտրամոբիլների օգտագործումը եւ բարձրացնել մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների հարկը:

Այդ կերպ ստացված լրացուցիչ միջոցները կուղղորդվեն այսպես կոչված «Կանաչ բանկ», որը փող կհատկացնի քաղաքում էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների զարգացմանը եւ ցածր եկամուտներով բնակիչների տների համապատասխան տեխնիկական հանդերձմանը: Օրինագծի հեղինակները հուսով են, որ մինչեւ 2032 թվականն այս եւ այլ միջոցառումների իրականացման շնորհիվ Վաշինգտոնը 44 տոկոսով կկրճատի ջերմոցային գազերի արտանետումը: Փաստաթղթում խիստ պահանջներ են շարադրված պլանավորվող եւ արդեն կառուցված շենքերի Էներգաարդյունավետության նկատմամբ: Վաշինգտոնը հետեւել է ԱՄՆ-ի տասնյակ այլ քաղաքների օրինակին, որոնք մոտ ապագայում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման անցնելու պարտավորություններ են ստանձնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս