Բաժիններ՝

«Կառուցվածքը, որով Մշակույթի նախարարությունը գործում է արդեն  տասնամյակներ, արդյունավետ չէ». Նարինե Թուխիկյան

ՀՀ մշակույթի նախարարությունը, կառավարության որոշմամբ՝ մի մասով կմիացվի ԿԳ նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին, այս ամենի վերաբերյալ Մշակույթի նախարարության աշխատակիցները գրություն են ստացել, որի մասին բարձրաձայնեցին դեկտեմբերի 21-ին իրենց հայտարարած գործադուլի ժամանակ՝ ուղղված նախարարությունը չկրճատելուն։

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մշակույթի նախարարության օպտիմալացմանը, կարծիք հայտնեց, որ այն կառուցվածքը, որով նախարարությունը գործում է արդեն  տասնամյակներ, արդյունավետ չէ, քանի որ այն բյուրոկրատական, վարչական կառույց է, որը չի կարող շատ բաներ անել, քանի որ ունի նման կառուցվածք։

«Կարծում եմ՝ ինչպես մշակույթի, այնպես էլ՝ այլ նախարարություններ, այդ բյուրակրատական, սովետական մնացուկային բաներից պետք է ազատվեն։ Լինեն ավելի ճկուն, ստեղծարար, զգան ժամանակի շունչը և մշակեն մշակութային քաղաքականություն, այլ ոչ թե զբաղվեն միջոցառումներ կազմակերպելով կամ նման հանձնարարություն տալով։

Ազգային ժողովի հետ պետք է օրենքներ մշակեն, հստակ նախագծերով մտնեն կառավարություն, օրենսդրական կարգավորմամբ զբաղվեն։ Սրանք այն բաներն են, որոնք խոչընդոտում են մշակութային կյանքի զարգացմանը։ Դրանք կասեցնում են ոչ միայն արվեստագետի ստեղծագործական աշխատանքի արդյունավետությունը, այլև՝ այն հիմնական գործառույթները, որոնք իրականացնում է Մշակույթի նախարարությունը՝ մշակութային արժեքների պահպանություն և տարածում»,- նշեց Նարինե Թուխիկյանը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ Մշակույթի նախարարությունը լավ գիտի իր գործառույթները, սակայն դրանք ճիշտ չեն դրված, օրինակ՝ մշակույթի նախարարը չպետք է որևէ առնչություն ունենա ինչ-որ միջոցառման հետ, փոխարենը՝ պետք է մշակի քաղաքականություն։

«Այս պահին դեռ հստակ չգիտեմ, թե Մշակույթի նախարարությունն օպտիմալացման ինչ ճանապարհով են տանելու, այսինքն՝ ի՞նչ նախարարության պետք է միանա Մշակույթի նախարարությունը, կամ դրանք միանո՞ւմ են, թե՞ միաձուլվում, սրանք տարբեր բաներ են, մեկը կրճատվում է մյուսի՞ հաշվին, թե՞ միաձուլվում են և գաղափարական առումով դառնում են մեկ ընդհանրություն։ Իսկապես չգիտեմ, որովհետև հստակ որևէ բան չկա, դեռ ընդամենը խոսակցություններ են»,- շեշտեց Նարինե Թուխիկյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս