Հայտնի է բիզնես վարելու համար լավագույն երկրների ցուցակը
Մեծ Բրիտանիան, Forbes-ի վարկածով, առաջին տեղն է զբաղեցրել բիզնես վարելու համար առավել հարմար երկրների ցուցակում: Վարկանիշը հրապարակված է հրատարակության կայքում։
«Չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը, Մեծ Բրիտանիան երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում իր աշխատանքային ռեսուրսների հզորությամբ, ինովացիաներով եւ բյուրոկրատիայի բացակայությամբ»,-նշում է հանդեսը:
Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է Շվեդիան, երրորդը՝ Հոնկոնգը: Առաջատարների եռյակին հաջորդում են Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան եւ Շվեյցարիան:
Ինչպես նշում է հրատարակությունը, վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինովացիաները, հարկային համակարգը, տեխնոլոգիաները, կոռուպցիան, ենթակառուցվածքը, շուկայի չափը, քաղաքական ռիսկերը, կյանքի որակը եւ բյուրոկրատիայի մակարդակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: