«Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խիստ սպառողական է։ Սփյուռքը փող ունի. պետք է այն վերցնել». Նիկոլայ Պետրոսյան
ESforce Holding-ի (ներառված է Mail.Ru Group-ում) հոլդինգի մեդիաուղղության տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ հայ ընկերները զայրանում են Սփյուռքի նախարարությունը լուծարելու փաստից։ Բայց արդյո՞ք այն այդքան անհրաժեշտ է։ Այս հարցի պատասխանի համար պետք է պատասխանել մեկ ուրիշ, ավելի բարդ հարցի։ Արդյո՞ք Հայաստանին Սփյուռք պետք է, և եթե այո, ապա ի՞նչ նպատակների համար։
Որպես մի մարդ, ով անկախության առաջին 10 տարիներն ապրել է Հայաստանում, իսկ հետո ևս 10 տարի՝ Սփյուռքում, կարող եմ սեփական տպավորություններս ներկայացնել։
Նախկին թալանչի ռեժիմի ժամանակ Սփյուռքը պետք էր միայն որպես մեկենաս՝ «Փող տվեք աղետի գոտու, ճանապարհների, դպրոցների, երեխաների, Արցախի, բանակի համար։ Ինչ-որ բանի համար։ Այլապես կմնաք առանց Հայրենիք։
Հեղափոխությունից հետո տոնայնությունը փոխվեց, բայց չեմ կարող ասել, որ ինձ համար՝ որպես Սփյուռքի ներկայացուցչի, դա տրամագծորեն ինչ-որ բան փոխում է։ Այժմ Սփյուռքին ուղղված կոչը հնչում է մոտավորապես այսպես՝ «Բերեք ձեր փողերը Հայաստան, ինչ-որ բանի մեջ ներդրեք, բացեք ինչ-որ աշխատատեղեր։ Օգնեք տնտեսությանը։ Այլապես կմնաք առանց Հայրենիք»։
Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խիստ սպառողական է։ Սփյուռքը փող ունի. պետք է այն վերցնել, բարեգործության կամ ներդրումների տեսքով։
Իսկ ահա Սփյուռքից մարդկային կապիտալ արտահանել կառավարությունը չի ուզում։ Եվ եթե նույնիսկ ուզի, ապա չի կարողանա, որի համար լիովին օբյեկտիվ պատճառներ կան։ Քանի որ մարդկային կապիտալի հետ ստիպված են արտահանել նաև այն արժեքները, որոնք հայերը, ի լրումն իրենց ազգային արժեքների, ձեռք են բերել այլ երկրներում։
Կամ էլ պետք է հարմարվեն քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդկանց էական զանգվածին, որը սովոր է պետության, դեմոկրատիայի ու հասարակության ուրիշ ստանդարտների։ Պատրա՞ստ են արդյոք դրան Հայաստանի Կառավարությունն ու ազգաբնակչությունը։ Խիստ կասկածում եմ։
Արդյո՞ք պրոֆեսիոնալ կադրեր պետք են երկրի աշխատաշուկայում, ուր գործազրկության պաշտոնական մակարդակը 20 տոկոս է կազմում։ Ոչ։
Արդյո՞ք հանդուրժող ու ինքլյուզիվ հասարակարգերում ապրած մարդիկ պետք են մի երկրի, որը 144-ից 97-րդ տեղն է զբաղեցնում գենդերային հավասարության գլոբալ վարկանիշային աղյուսակում, 180-ից 80-րդը՝ ԶԼՄ-ների ազատության ինդեքսում։ Ոչ։
Հետևաբար, այն ամենը, ինչ Հայաստանին պետք է Սփյուռքից՝ փողն է, փող՝ բարեկամներին փոխանցվող տրանսֆերտների տեսքով, փող՝ բարեգործության համար, ազգային նախագծերի ու բիզնեսի մեջ ներդրումներ։
Այդ դեպքում Սփյուռքի հետ համագործակցելու համար լիովին բավարար է Ֆինանսների նախարարությունում բաժին ստեղծելը։ Ոչ մի Սփյուռքի նախարարություն Հայաստանին պետք չէ»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը