Բաժիններ՝

Մարսի մակերևույթին առաջին անգամ սեյսմաչափ են տեղադրել

Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանն առաջին անգամ Մարսի վրա սեյսմաչական տվիչ է տեղադրել: Այդ մասին իր կայքում հայտնել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA), նշելով, որ սա առաջին նմանօրինակ սարքն է, որը տեղադրվել է այլ մոլորակի մակերեւույթին։

«InSight կայանն առաջին սարքն է տեղադրել Մարսի մակերեւույթին՝ դրանով իսկ կատարելով իր առաքելության հիմնական խնդիրներից մեկը,-նշել են վարչությունում:-Դրանից ստացված նոր լուսանկարներում երեւում է, որ սեյսմաչափը գետնի վրա է»:

NASA-ի տեղեկատվության համաձայն, այս սարքը՝ Seismic Experiment for Interior Structure-ը (SEIS), գիտնականներին թույլ կտա հասկանալ Մարսի ներքին կառուցվածքը՝ ուսումնասիրելով գետնի տատանումները կամ այսպես կոչված մարսացնցումները: Վերլուծելով այն, թե ինչպես են սեյսմիկ ալիքները տարածվում Մարսի պատյանի միջով, հետազոտողները հույս ունեն որոշել յուրաքանչյուր շերտի խորությունն ու կազմությունը:

«Մակերեւույթի վրա սեյսմաչափ օգտագործելը նման է հեռախոսն ականջին դնելուն,-նշել է SEIS-ի առաջատար կոնստրուկտոր Ֆիլիպ Լոնիոնեն՝ Երկրի ֆիզիկայի Փարիզի ինստիտուտից եւ Դիդրոյի անվան Փարիզ Յոթերորդ համալսարանից:-Մենք ցնծության մեջ ենք, որ հնարավորություն ունեցանք սեյսմիկ ալիքները «լսել» ինչպես Մարսի մակերեւույթից, այնպես էլ նրա խորքից»: Սարքը, որը չափում է մարսացնցումները, ստեղծվել է Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNES) կողմից` մի ամբողջ շարք համաշխարհային գիտական կենտրոնների աջակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս