Բաժիններ՝

Օտարերկրացիների անհավանական արկածները Հայաստանում

Հենց սկզբից հարկ եմ համարում տեղեկացնել, որ քննարկվելիք թեմայի շուրջ ավելի շատ հարցեր ունեմ, քան` պատասխաններ: Ավելին՝ թեմայի մասին ոչ փաստեր կան, ոչ էլ փորձագիտական վերլուծություններ:

Միակ թվային տվյալն այն է, որ այս տարի Հայաստան ժամանածների թիվը գերազանցում է մեկնածների քանակին: Սույն փաստը նույնիսկ քաղաքական «վերլուծություն-բացատրության» է արժանացել: Այն կապվել է մեր երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների հետ: Բայց ընդունեք, որ քիչ ժամանակ է անցել՝ արձանագրված տեղաշարժը քաղաքական նոր պայմանների հետ կապելու և դրանցով բացատրելու համար:

Իհարկե, պետք չէ թերագնահատել երկրում հաստատված ավելի նպաստավոր բարոյահոգեբանական մթնոլորտը: Սակայն անհրաժեշտ է արձանագրված միգրացիոն տվյալների համար ավելի հիմնավոր բացատրություն գտնել: 1918 թվականից սկսյալ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Խորհրդային Հայաստանն ամենամոնոէթնիկն էր միութենական հանրապետություններից: Խորհրդային վիճակագրությամբ մենք` հայերս, կազմում էինք հանրապետության բնակչության 93 տոկոսը:

Անկախության շրջանում միգրացիոն հայտնի գործընթացների հետևանքով հայերի տեսակարար կշիռը նույնիսկ 96 տոկոսը գերազանցեց: Հետևաբար՝ այլազգիների ներկայությունը մեր երկրում անմիջապես նկատելի է դառնում: Խոսքն ամենևին էլ քսենոֆոբիայի մասին չէ: Պարզապես բնակչության նման մոնոէթնիկ պայմաններում ուրիշը (այլը, օտարը) չի կարող չնկատվել: Համարյա մեկ տարի է՝ մայրաքաղաքի փողոցներում խիստ նկատելի է դառնում արտասահմանցիների համարյա օրեցօր աճող քանակը: Խոսքն ամենևին էլ Արևմուտքից ու Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների մասին չէ: Այլ հնդիկների ու արևելյան այլ երկրներից ժամանածների:

Արաբկիրցիները կատակով սկսել են իրենց թաղերը «Երրորդ մաս» կամ «Հնդկաստան» անվանել, որովհետև այստեղ շատ նկատելի են արևելյան երկրներից ժամանածները: Կարելի կլիներ ենթադրել, որ այդ օտարերկրացիներն ուսանողներ են: Բայց նախ, հանրահայտ ֆիլմի հերոսի փոփոխված խոսքերով ասած՝ տարրական կրթության բացակայությունը գրված է նրանց ճակատին: Երկրորդ՝ այս «նորեկների» տարիքն ամենևին էլ ուսանողական չէ: Հայաստանում 2017թ. տվյալներով սովորել է մոտ 3850 արտասահմանցի ուսանող: Նրանցից մոտ 2500-ը հաստատ հայեր են` Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից և այլն:

2016թ. Հնդկաստանից ժամանած ուսանողների թիվը 918 էր, իսկ 2017-ին սովորում էր 672 հնդկաստանցի ուսանող: Մեր բուհական համակարգում 2016-ին Իրանից 149 ուսանող կար, 2017-ին` 262: Ակնհայտ է, որ խոսքն ամենևին էլ արտերկրացի ուսանողների համեստ քանակի մասին չէ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում հենց հնդկաստանցիներ են դիմում Հայաստանում կացության վկայական ստանալու համար: Որքան գիտեմ՝ կացության վկայականը նաև մեր երկրում աշխատանքային իրավունքի փաստաթուղթ է:

Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ այդ, այսպես ասած՝ «օտարերկրյա» աշխատուժը կարողանում է լուծել իր զբաղվածության խնդիրը: Իսկ այս պարագայում գործ ունենք ոչ որակյալ, հետևաբար՝ չափազանց էժան աշխատուժի հետ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ ոչ որակյալ աշխատուժն արդեն իրենով է արել լվացքատնային բիզնեսը: Խոսքը հյուրանոցա-ռեստորանա-սրճարանային համալիրների սփռոցա-անկողնային պարագաների լվացքի մասին է:

Մայրաքաղաքում (և` ոչ միայն) անզեն աչքով նկատելի է, որ այդ օտարերկրացիները մեր երկրում են արդեն ընտանիքներով: Եթե դա այդպես է, ապա սա սպառնում է լուրջ խնդիր դառնալ: Արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ը իրենց երկրները փորձում են փակել առաջին հերթին՝ մասնագիտական ու կրթական պատշաճ որակավորում ունեցող աշխատուժից: Տնտեսագիտության ցանկացած դասագիրք ու տնտեսագիտական ցանկացած տեսություն խիստ բացասական է գնահատում այն իրավիճակը, երբ որևէ երկիր դառնում է ցածրորակ աշխատուժի «թիրախ»:

Ընդունում եմ, որ այս թեման բոլորովին համահունչ է Սուրբ Ծննդյան ու Ամանորյա տրամադրություններին: Բայց այս օրերին այս թեմային անդրադառնալու պատճառ է նաև այն փաստը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստան ժամանող իր քաղաքացիներին զգուշության կոչ արեց՝ խոսելով վերազգային հնարավոր ահաբեկչության մասին:

Ընդունեք, որ դիվանագետներին հաջողվում է տեղեկություն փոխանցել կոնկրետ ոչինչ չպարունակող տեքստերով: Բայց այս դեպքում խոսքը մեր ու մեր երկրի մասին է, ուր համարյա երբեք նման գործողություններ չեն լինում: Երկրի, որին ամենահեղինակավոր տնտեսական մամուլը տարվա երկիր է անվանել: Երկիր, ուր բոլոր հայաստանցիներս օտարներին, ընդունված կլիշեով ասած՝ «դեմքով գիտեինք»: Բայց այն օր օրի ավելի ու ավելի է թափանցիկ դառնում: Եվ պարզ չէ, թե ում առաջ: Պարզ չէ նաև` ինչ նպատակով: Հիշեցնելով, որ ինձ ամենևին էլ քսենոֆոբ-օտարատյաց չեմ համարում, հոդվածս ավարտում եմ նույնքան հայտնի կլիշեով. «Ես չեմ վախեցնում, ես վախենում եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս