![](/banners/BeFunky-design.jpg)
Ծերունին մահվանից հետո հարևանի աղջկան նվերներ է թողել տարիների համար
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/958709.jpg)
Մեծ Բրիտանիայի Բարրի քաղաքում (Հարավային Ուելս) մի ծերունի մահվանից հետո հարեւանությամբ ապրող աղջկան նվերներ է թողել առաջիկա 14 տարվա համար: Այդ մասին հայտնել է BBC News լրատվական պորտալը: Օուեն եւ Քերոլայն Ուիլյամսները Քեն անունով տղամարդու հետ հարեւանությամբ ապրել են շուրջ երկու տարի:
Նրանք այդ տուն են տեղափոխվել երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Ծերունին, որը 80 տարեկանից ավելի էր, հոգի էր տալիս նրանց դստեր՝ Քադիի համար: Վերջերս Քենը վախճանվել է, եւ դեկտեմբերի 17-ին նրանց տան դուռը թակում է նրա դուստրը:
«Նրա ձեռքին մեծ պլաստիկե պայուսակ էր: Ես մտածեցի, որ այնտեղ աղբ է, եւ նա ինձ խնդրում է այն նետել»,-խոստովանել է Ուիլյամսը: Սակայն պայուսակի մեջ մի ամբողջ կույտ Սուրբծննդյան նվերներ էին Քադիի համար: «Ես պարկը տարա սենյակ, այդ ժամանակ իմ կինը տեսակապով խոսում էր զոքանչիս հետ: Կինս հեծկլտաց, հետո՝ ես, իսկ այնուհետեւ՝ նրա մայրը»,-պատմել է տղամարդը: Նա հավելել է, որ ոչ ոք հարեւանից նման բան չէր սպասում:
Հայտնի չէ, թե Քենն արդյոք նվերները գնել էր երկու տարվա ընթացքում, թե դրանք ձեռք էր բերել վերջերս՝ կանխազգալով իր վախճանը: Զույգը բացել է նվերներից մեկը. դրանում մանկական գիրք էր: Նրանք հավելել են, որ դեռ չգիտեն, թե ինչպես վարվել մնացած նվերների հետ:
«Դատելով ըստ ամենայնի՝ նվերների թվում կան գրքեր, երեք-չորս փափուկ խաղալիքներ եւ, գուցե, Lego Duplo կոնստրուկտոր»,-նշել է Ուիլյամսը: Նրա խոսքով՝ մինչեւ կենսաթոշակի անցնելը հարեւանը խորջրյա ջրասուզակ էր աշխատում եւ «մարդ էր՝ մեծատառով»: