Alibaba-ն մտադիր է օգտատերերի թիվը հասցնել 2 միլիարդի
Մինչեւ 2036 թվականը Alibaba ընկերությունը մտադիր է իր գրանցված անհատական օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում հասցնել 2 միլիարդի: Այդ մասին հայտնել է China Daily թերթը:
«Ավելի ու ավելի շատ օտարերկրացի մատակարարներ են նախապատվությունը տալիս առցանց-առեւտրական հարթակների միջոցով չինական շուկա դուրս գալուն: Նույնիսկ եթե չինացի սպառողների ընդամենը 1 տոկոսը գնի նրանց բրենդները, ապա դա կապահովի Alibaba-ի օգտատերերի բազայի ֆենոմենալ աճ»,-ասել է Alibaba-ին պատկանող Tmall International ինտերնետ-առեւտրական հարթակի գլխավոր տնօրենի տեղակալ Վեյ Չենը:
Նրա խոսքով՝ իր կազմավորման պահից անցած հինգ տարվա ընթացքում Tmall-ը 19 հազարից ավելի բրենդներ է գրանցել աշխարհի 75 երկրներից եւ տարածաշրջաններից:
Ընթացիկ տարվա հունիսի վերջի տվյալներով՝ ընկերության առցանց-առեւտրական հարթակներում գրանցված օգտատերերի թվաքանակը հասել է 576 միլիոնի:
Alibaba Group-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն է, որն աշխատում է Էլեկտրոնային առեւտրի ոլորտում: Այն Ջեկ Մայի կողմից հիմնադրվել է 1999 թվականին:
Խումբն ունի Alipay սեփական էլեկտրոնային վճարովի համակարգը, ընկերությանն են պատկանում մի քանի դուստր ինտերնետ-հարթակներ՝ Alibaba-ն, AliExpress-ը, Tmall-ը եւ Taobao-ն, ինչպես նաեւ դուստր-ձեռնարկություններ, որոնք մշակումներով են զբաղվում ամպային տեխնոլոգիաների ոլորտում՝ Alibaba Cloud-ը, եւ արհեստական ինտելեկտի բնագավառում՝ AI Labs-ը: Պաշտոնական տվյալների համաձայն, Alibaba Group-ի հասույթի մոտավորապես 86 տոկոսը կազմում է ինտերնետ-կոմերցիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: