«Անուշ», «Նորմա». Օպերային թատրոնը տարին կսկսի առաջնախաղերով
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջիկայում պրեմիերաներ են սպասվում: Նորացված տարբերակով արվեստասերների դատին կհանձնվի «Անուշ» օպերան, տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ի առաջնախաղը:
Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
««Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում զբաղված է երեսունվեց մենակատար: Դեռ քննարկվում է՝ կլինեն համերգային կատարումներ, թե ներկայացում»,- նշեց Օրբելյանը:
Նրա խոսքով` այս տարի վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն տոնում է ծննդյան 60-ամյակը: Այդ առիթով փետրվարի քսանին օպերային թատրոնում կներկայացվի Վերդիի «Օթելլո»-ն: Գլխավոր դերում հանդես կգա Բուրչուլաձեն:
«Վերջերս Նյու Յորքում վոկալիստների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ էի: Ժյուրիում էր նաև իտալացի բեմադրիչ, ռեժիսոր Մարիո Կոռադին: Նա Հայաստանում բեմադրել է «Աիդա» օպերան: Կոռադին ասաց, որ մեծ սիրով կգա Երևան, և մենք ապրիլի 24-ից հետո կսկսենք աշխատել «Աիդա»-ի վերականգնման, թարմացման վրա: Այդ նույն ամսին կներկայացվի նաև «Նորմա» օպերան, որի գլխավոր դերում հանդես կգա Անահիտ Մխիթարյանը: Սեպտեմբերի յոթին նախատեսվում է «Անուշ» օպերային ներկայացման առաջնախաղը»,- շեշտեց Օրբելյանը:
Նա ընդգծեց, որ արտերկրում շատ են ցանկանում տեսնել «Անուշ»-ը, հետևաբար հնարավոր է, որ այն նաև շրջագայի:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ Կոմիտասի հոբելյանի կապակցությամբ բեմ կբարձրանա «Անտունի» բալետային ներկայացումը:
Նախատեսվում է կյանքի կոչել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի առաջնախաղը: «Եթե հասցնենք իրականացնել մեր ծրագրերը, երջանիկ կլինենք, քանի որ դա մեծ աշխատանք է պահանջում և’ ստեղծագործական, և’ էմոցիոնալ առումով: Ցանկանում ենք թատրոնում բազմազանություն ապահովել»,- եզրափակեց նա: