Տիգրան Հեքեքյանի համոզմամբ` մանկապարտեզներում պետք է մշակութային դաստիարակություն իրականացվի

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ մշակութային դաստիարակությունը պետք է սկսել մանկապարտեզից: Այս մասին նա նշեց դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մշակութային հենք ունենալը պարտադիր է, և ներկա իշխանությունները դա հասկանում են, ուստի, պատահական չէ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել է կիսադատարկ դահլիճները լցնել»,- ասաց Հեքեքյանը:

Նրա խոսքով` մշակութապես զարգացած հասարակությունը կրթվում է պետության կողմից։ «Փոխանակ մշակույթի նախարարությունը վերափոխենք, վերակառուցենք խորքից, որոշում ենք չեզոքացնել՝ վերացնում ենք նախարարությունը՝ վերացնում ենք խնդիրը, սա «գլխացավանք» է. պատահական չէ, որ տարբեր ժամանակներում տարբեր կուսակցություններ դժվարացել են գտնել մշակույթի նախարար։ Սա իսկապես բարդ բան է՝ գտնել կազմակերպիչ, որը կունենա մշակութային հենք»,- շեշտեց Հեքեքյանը:

Նա նկատեց՝ ժամանակին հանրակրթական դպրոցներն էին փակում, քանի որ աշակերտ չկար և այդ տարածքներում կառուցում էին հյուրանոցներ, ինչի հետևանքով վաղը կանգնելու են խնդրի առաջ, քանի որ բնակչության թիվն աճում է, և այսօր երեխաների համար դպրոց կառուցելու ազատ տարածք չկա։

«Մեզ պետք է կերտել մշակութային քաղաքականություն, օրենքներ։ Ինչո՞ւ է հեռուստատեսությունը հեռացել մշակույթի նախարարության տեսադաշտից, հակամշակութային հաստատություն չէ այն, այլ մի ամբողջ հրեշ»,- եզրափակեց Հեքեքյանը։

Տեսանյութեր

Լրահոս