«ԱԳՆ կենտրոնական ապարատում փոփոխությունների մասին տեղեկություն չունեմ». Աննա Նաղդալյան

«ԱԳՆ-ն չի մասնակցում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստերին»,-  այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝  անդրադառնալով տեղեկությանը, թե ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում մերժվել է ԱԳՆ առաջարկը՝ դուրս հանել Հայաստանը մոնիտորինգի ենթարկվող երկրների  շարքից։

Աննա Նաղդալյանն ասաց, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստերը դռնփակ են և գաղտնի։ Ուստի, ըստ նրա, առաջին հարցը որ ծագում է, թե ինչպես են քննարկումները հայտնվել  լրատվական դաշտում։ Ավելին, նրա հստակեցմամբ, ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստերին մասնակցում է  ՀՀ ԱԺ պատվիրակությունը, և ԱԳՆ-ն չի մասնակցում նիստերին, ուստի  երկրորդ զարմանալի հարցն այն է, թե ինչպես է ԱԳՆ-ն առաջարկ ներկայացրել մի նիստի, որին ինքը չի մասնակցում։

Խոսնակի պարզաբանմամբ, ԱԳՆ-ն կարող է ԵԽ նախարարական կոմիտեում առաջարկներ ներկայացնել, իսկ այս նիստին ԱԳՆ-ն ներկա չի լինում։

Ինչ վերաբերում է մամուլում հայտնված տեղեկություններին, թե ԱԳՆ-ում փոփոխություններ են լինելու, և իր պաշտոնը լքելու է փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Աննա Նաղդալյանն ասաց, որ  դիվանագիտական ծառայությունը փոփոխվող կառույց է, որտեղ կան ռոտացիաներ, մասնավորապես դա դեսպաններին է վերաբերում։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, իսկ ինչ վերաբերում է ԱԳՆ կենտրոնական ապարատում փոփոխություններին, ապա նման տեղեկատվություն չունի։ Ըստ խոսնակի՝ պարբերաբար մամուլում «ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը» տեղեկություններ է տարածում, որ նույնիսկ իրենք ԱԳՆ-ում տեղյակ չեն, ուստի իրենց  էլ է հետաքրքիր, թե ինչ աղբյուր է, և ինչ տեղեկություններ են դրանք։

Խոսելով Վատիկանում ՀՀ դեսպանի փոփոխության մասին՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ ստիպված է կրկնել այն, ինչ նման դեպքերում մշտապես ասում են՝ դեսպանների փոփոխումը, նշանակումը, ետկանչը բնականոն բնույթ է կրում, դա տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության և  ՀՀ դիվանագիտական օրենքի շրջանակներում, որը մի շարք ընթացակարգեր է ենթադրում։

Ելնելով կոռեկտության սկզբունքից, նրա խոսքով, մինչ ողջ գործընթացի ավարտը որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Տեսանյութեր

Լրահոս