Լրատվամիջոցի աշխատանքին միջամտելու փորձ
2018թ. դեկտեմբերի 18-ին ArmDay.am-ի լրատվական կայքի թղթակցին կառավարությունում հավատարմագրելու համար խմբագրությունից պահանջել են հիմնադիր իրավաբանական անձի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, ինչը չի նախատեսվում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ավելին՝ հակասում է այդ օրենքին։ Կառավարության լրատվական բաժնի աշխատակցի փոխարեն լրատվամիջոցի հետ այնհուտեւ քննարկումը շարունակել է վարչապետի պաշտոնակատարի մամլո քարտուղար Արման Եղոյանը, ով շարունակել է պնդել այդ պահանջը։ Այնուհետեւ նա ներկայացել է իբրև շարքային քաղաքացի և փորձել է տեղեկություններ ձեռք բերել լրատվամիջոցի ֆինանսավորման մանրամասների վերաբերյալ։
ArmDay.am-ը օրենքի պահանջներից չբխող այս հարցապնդումները պայմանավորում է ՀՀ կառավարության աշխատանքների վերաբերյալ իրենց քննադատական հրապարակումներով և այն գնահատում է որպես լրատվամիջոցի նկատմամբ ճնշման փորձ։
Կոչ ենք անում ՀՀ Կառավարության աշխատակիցներին և բոլոր պատկան մարմիններին ձեռնպահ մնալ մամուլի աշխատանքներին անհարկի միջամտելու փորձերից։ 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության կարևորագույն արդյունքը քաղաքացու իրավունքների և ազատությունների լիակատար իրականացումն է։ Հեղափոխությունը կատարվել է ՀՀ քաղաքացիների շնորհիվ և նրանց համար, իսկ իշխանությունների խնդիրն է նպաստել քաղաքացիների բոլոր, այդ թվում նաև՝ խոսքի ազատության իրավունքի իրականացմանը։
Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախագծի ղեկավար