Ջորջ Սորոսը «Տարվա մարդ» է դարձել Financial Times-ի վարկածով
Financial Times բրիտանական թերթը ամերիկացի ֆինանսիստ եւ ֆիլանտրոպ Ջորջ Սորոսին «տարվա մարդ» է ճանաչել, այդ թվում՝ այն անփոփոխ աջակցության համար, որ նա ցուցաբերում է «լիբերալ-դեմոկրատիային, որը պաշարման մեջ է պոպուլիստների կողմից»։
Ինչպես նշում է թերթը, սովորաբար հրատարակությունը «տարվա մարդ» է ընտրում այն անձանց, որոնք հայտնի են իրենց նվաճումների շնորհիվ: Սորոսի դեպքում խմբագրության ընտրությունը նաեւ վերաբերում է «այն արժեքներին, որոնք նա ներկայացնում է»: Հրատարակությունն ընդգծում է, որ ամերիկացի ֆինանսիստը «լիբերալ-դեմոկրատիայի եւ բաց հասարակության դրոշակակիրն է»:
Ջորջ Սորոսի գործունեությանը ոչ միանշանակ գնահատական է տրվում. միլիարդատիրոջ մասին հաճախ խոսում են որպես ֆինանսական սպեկուլյանտի: Սորոսի Quantum ընկերությունն իր աշխատանքի գրեթե 40 տարվա ընթացքում վաստակել է հեջ-ֆոնդերի համար ռեկորդային 35 մլրդ դոլար:
Միայն ԱՄՆ-ում հիփոթեքային ճգնաժամի ընթացքում ֆինանսիստը երկու տարվա ընթացքում ձեռք է բերել մոտավորապես 1 մլրդ դոլար: Սորոսն ակտիվորեն զբաղվում է նաեւ քաղաքականությամբ. նրա հիմնադրամները քանիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխության կազմակերպման մեջ: Ֆինանսիստն ինքը չի ժխտում, որ իր փողերն օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում 2004 թվականին եւ «եվրոմայդան»՝ 2013 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: