Բաժիններ՝

Ֆրեդի Մերկուրիի մեծ սերը` Մերի Օստին. madame.lefigaro.fr 

Դիմանկար. Ֆրեդի Մերկուրիի մասին կենսագրական ֆիլմը՝ «Բոհեմական ռապսոդիան», որը կինոթատրոններում է հոկտեմբերի 31-ից, ներկայացնում է «Քուին» խմբի հանրահռչակ լիդերի և երիտասարդ կնոջ աղմկալի, բայց կայուն սիրո պատմությունը։

«Իմ բոլոր սիրեկաններն ինձ հարցնում էին, թե ինչո՞ւ չէին կարող փոխարինել Մերիին, բայց դա պարզապես անհնարին է»,- հայտարարում էր Ֆրեդի Մերկուրին  New York Post-ով 1985թ․-ին։ «Բոհեմական ռապսոդիայում» Քուինի անմոռանալի երգչի մեծ սիրուն՝ Մերի Օստինին, մարմնավորում է Լյուսի Բոյնտոնը։ Բրիտանական հագուստի խանութում իրենց առաջին սիրահետումից մինչև ռոք-աստղի վերջին օրերն այս կինն անմնացորդ հավատարմություն է ցուցաբերել Don’t Stop Me Now-ի կատարողի նկատմամբ։

«Վայրի տեսքը»

1969։ 19 տարեկան Մերի Օստինն աշխատում է հագուստի փոքրիկ խանութում, որը կոչվում է Բիբա։ Առաջին անգամ հայացքը հանդիպում է նրան, ում նկարագրում է՝ որպես «վայրի տեսքով արտիստիկ երաժիշտ», Vanity Fair US-ի սյունակներում։ Սովորության համաձայն՝ 24-ամյա Ֆրեդի Մերկուրին եկել էր սիրահետելու բրիտանական խանութի «հիասքանչ աշխատողներին»։ Այդ ժամանակ նա դեռ We Will Rock You-ի լեգենդար կատարողը չէր և դեռ հինգ տարի էր ապրում Անգլիայում։

Կարդացեք նաև

«Նա նման չէր նախկինում ինձ հանդիպած մարդկանցից և ոչ մեկին,- խոստովանում է Մերի Օստինը Daily Mail-ին 2013 թվականին,- Նա շատ բացսիրտ էր, այնպիսին, ինչպիսին ես երբեք չեմ եղել»։ Այնուամենայնիվ, առաջինը Բրայան Մեյը՝ «Քուինի» ապագա կիթառահարն է կնոջը հանդիպման հրավիրում։ Մերին պիտի հինգ ամիս սպասեր, մինչ երգիչն իր հերթին՝ կհրավիրեր իրեն։ Հինգ ամիս հետո զույգը տեղափոխվում է լոնդոնյան բնակարան՝ Քենինգսթոն Մարկետի մոտ։

«Այո՛, համաձայն եմ»

Ֆրեդի Մերկուրին այդ բնակարանում շատ կարճ է ապրում։ Կենտրոնացած իր կարիերայի վրա՝ նա միայնակ տեղափոխվում է Լիվերպուլ՝ միանալու համար Ibex ռոք-խմբին։ Դա մինչ «Քուինի» հիմնադրումն էր, որը նրան առաջ էր մղելու մինչև միջազգային գերաստղի մակարդակ։ Համակված իր սիրելիի հաջողությամբ՝ Մերի Օստինը հայտնվում է բեմեզրի լույսերի ներքո։ Կաշկանդող լուսարձակ՝ համեստ, բանվորական դասից ծագած կնոջ համար։ Նրան դաստիարակել էին գորգագործ հայրը և տնային ծառայող մայրը, որ ի ծնե խուլ էին։

Հանդիպումից չորս տարի անց՝ 1973-ին, Ֆրեդի Մերկուրին նրան առաջարկում է ընդմիշտ միացնել իրենց ճակատագրերը։ «Սուրբ Ծնունդին նա ինձ մի մեծ տուփ նվիրեց,- պատմում է Մերի Օստինը Daily Mail-ին։ -Տուփի մեջ կար մեկ այլ տուփ, հետո՝ մեկ ուրիշը, և այդպես շարունակ։ Ասես խաղ լիներ։ Եվ վերջին տուփում ես գտա մի մատանի՝ նեֆրիտով… Ցնցված էի։ Դա պարզապես անսպասելի էր ինձ համար։ Ես միայն շշնջացի. այո՛, համաձայն եմ»։

Երգչի (ֆիլմում նրան մարմնավորում է Ռամի Մալեկը) անկայունությունը, այնուամենայնիվ, գլուխ է բարձրացնում։ Հաջորդ տարի Մերի Օստինը գտնում է «մի հրաշալի հարսի զգեստ Լոնդոնի խանութներից մեկում»։ «Եվ, քանի որ Ֆրեդին այլևս ամուսնության մասին չէր խոսում, ամուսնության թեման շոշափելու միակ միջոցը հարցնելն էր՝ «Ժամանա՞կն է արդյոք զգեստը գնելու»,- պատմում է Մերին Daily Mail-ին։ -Բայց նա ասաց՝ ոչ։ Նա հրաժարվել էր այդ մտքից, և դա երբեք տեղի չունեցավ»։

Միաձույլ դուո

Երբ Ֆրեդի Մերկուրին բացահայտում է իր սեռականությունը, ամուսնության մասին այլևս խոսք չի լինում։ Երկու տարի շարունակ Մերի Օստինը կասկածներ է ունենում և բացահայտում է իր ընկերոջ սերը կոկաինով ուղեկցվող  երեկույթների և գիշերային այլ խրախճանքների նկատմամբ։ «Կարծում եմ, որ ես բիսեքսուալ եմ»,- ենթադրում է Ֆրեդի Մերկուրին 1976 թվականին։ «Ոչ, Ֆրեդի, դու միասեռական ես»,- պատասխանում է նրան Մերին, ինչպես ինքն է պատմում  բրիտանական օրաթերթին։ Այդպիսով, նրանք վերջնականապես չեղյալ են համարում պսակադրությունը։ Սիրո պատմությունն այստեղ կանգ է առնում, բայց «միաձույլ դուռը» շարունակվում է։

Վեցամյա կապից հետո Մերի Օստինը մնում է Ֆրեդի Մերկուրիի կողքին՝ որպես նրա խորհրդական և անձնական քարտուղար։ Նա ներշնչում է երգչին Love Of My Life երգը, որ թարգմանվում է «Կյանքիս սերը», և օգնում է նրան պայքարել կախվածությունների դեմ։ Ֆրեդի Մերկուրին գովասանքի խոսքեր չի խնայում իր նախկին նշանածի համար և նրան է նվիրում 300.000 լիվր արժողությամբ մի բնակարան։

«Միակ ընկերուհին, որ ունեմ, Մերին է, և ինձ ուրիշ ոչ ոք պետք չէ»,- խոստովանում է երգիչը New York Post-ին։ «Նա ինձ համար իմ սիրուհին է։ Ինձ համար դա ամուսնություն էր։ Մենք հավատում ենք մեկս մյուսին, դա ինձ բավական է։ Ես չէի կարողանա սիրահարվել որևէ տղամարդու այնպես, ինչպես սիրահարվեցի Մերիին»։

The Mirror-ը պատմում է, որ, երբ Մերին նրան խնդրում է երեխա ունենալ,  նա պատասխանում է. «Ես շարունակում եմ քեզ սիրել, բայց չեմ կարող քեզ հետ սիրով զբաղվել։ Նախընտրում եմ ևս մեկ կատու որդեգրել»։ Երգիչը ոչ պաշտոնական հարաբերություն է սկսում Ջիմ Հատոնի՝ ծագումով Իռլանդիայից մի վարսավիրի հետ։ Չնայած այդ ամենին, նա համոզված էր, որ ինքն ու Մերին «միասին են ծերանալու»՝ կասկած անգամ չունենալով, թե ինչպիսի ողբերգական և միաժամանակ փայլատակող ճակատագիր է սպասվում իրեն։

«Ասես սիրտս խորտակվեց»

1987 թվականին Մերի Օստինն առաջինն է իմանում Ֆրեդիի՝ ՁԻԱՀ-ով հիվանդ լինելու մասին։ «Սիրտս խորտակվեց»,- հիշում է նա Daily Mail-ի հրապարակման մեջ։ 1990-ին նա հանդիպում է Փիրս Քամերոնին։ Նրանք ունենում են երկու երեխա՝ Ռիչարդը և Ջեյմին։ Ֆրեդի Մերկուրին դառնում է ավագ երեխայի կնքահայրը։ Մեկ տարի անց՝ 1991թ.-ի նոյեմբերի 24-ին, Մերին երաժշտի մահճի կողքին է լինում, երբ նա վերջին շունչն էր փչում. Ֆրեդին 45 տարեկան էր։ «Ես կորցրեցի իմ ընտանիքը, իսկապես, երբ Ֆրեդին մահացավ»,- հուզվում է նա։

Ֆրեդիի մահվանից հետո «Քուինի» հետ նրա հարաբերությունները վատանում են: Խմբի թշնամանքն այս կնոջ նկատմամբ պայմանավորված էր նրանով, որ երգիչը նրան էր թողել իր ժառանգության կեսը, ինչպես նաև իր լոնդոնյան 20 միլիոն լիվր արժողությամբ տունը՝ Garen Lodge-ը։ «Ֆրեդին ինձ զգուշացրել էր, որ այդ տունը շատ ավելի մեծ մարտահրավեր է իրենից ներկայացնում, քան ես կարծում եմ»,- 2013-ին բացահայտում է նա Daily Mail-ի հետ զրույցում. «Չեմ կարծում, թե «Քուինի» մյուս անդամները երբևիցե համակերպվել են դրա հետ։ Ես դա չեմ հասկանում, քանի որ ինձ համար այն սոսկ քարե շինություն է»։

«Ոչ ոք երբեք չի իմանա»

Ֆրեդի Մերկուրիի մարմինը դիակիզվում է։ Որպես իր հավատարմության վերջին ապացույց երաժշտին՝ Մերի Օստինը մոխիրը տարածում է գաղտնի մի վայրում, որի մասին անգամ երգչի ծնողները չգիտեն։ «Ոչ ոք երբեք չի իմանա, թե որտեղ է նա թաղված, քանի որ դա նրա ցանկությունն էր»,- պնդում է Մերին։

Յոթ տարի անց Մերին ամուսնանում է ոմն Նիկոլաս Հոլֆորդի հետ, որից բաժանվում է 2002 թվականին։ Այժմ՝ 67 տարեկանում, Մերին խաղաղ կյանք է անցկացնում Ֆրեդի Մերկուրիի՝ իրեն  ժառանգած առանձնատանը։ Շշուկներ կան, թե նա դրժել է իր լռության ուխտը… հավանության արժանացնելու «Բոհեմական Ռապսոդիան». ֆիլմ, որը նրանց հարատև սիրո պատմությունն է։

Ֆրանսերենից թարգմանեց Լուսինե Աղաջանյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս