«Այսօրվա լեգիտիմ իշխանություններին կարծես թե պարտադրում են գնալ այն լուծումներին, որոնցից խուսափել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները». Լարիսա Ալավերդյան

«Առաջին անգամ, երբ ՀՀ առաջին նախագահն այցելել էր Արցախ, դրա հետևանքն այն էր եղել, որ Գերագույն խորհրդի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին փոխեցին։ Սակայն այս անգամ ոչ թե Հայաստանի պաշտոնատար անձն է գնացել Արցախ, այլ հակառակն է եղել՝ Հայաստան է հրավիրվել Արցախի նախագահը։ Թե որքանով այս զուգահեռները կլինեն էական, դրա մասին չեմ դատի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությանը և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի Երևան կատարած վերջին այցին։

Ըստ նրա, որքան էլ իշխանությունները կամ այլ անձինք նշեն, որ Բակո Սահակյանի այցը որևէ առնչություն չուներ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ, միևնույն է՝ զուտ ժամանակացույցի առումով, մնալու է այդ վարկածը, որ առնչություն ուներ։

Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ, ինչ էլ լինի՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը զինվորների և քաղաքական գործիչների համար մնալու է՝ որպես գերագույն արժեքներով օժտված անձ։

«Անձամբ ես բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտություններ՝ լինի Արցախից Հայաստան, չնայած նման բան չի եղել, և հակառակը, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում հարցին, ինչպես անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ կոշտ և ոչ հարիր բարձր պաշտոնատար անձին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Արցախում մարդկանց պաշտոնները փոխում են Արցախի հարցի հետ կապված դիմադրողականությունը թուլացնելու համար, Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ որևէ մեկը չպետք է մտածի, որ մեկի կամ ինչ-որ խմբի ստորագրությամբ հնարավոր է լուծել նման խնդիրները՝ հօգուտ տարածաշրջանում պատերազմի։

«Սա տարածաշրջանում կարող է ստեղծել շատ ավելի լարված իրավիճակ, եթե ոչ՝ ուղղակի բախում։ Արցախի այսօրվա ստատուս-քվոյի փոփոխությունն անպայման ծանր ձևով կանդրադառնա տարածաշրջանի վրա։ Թե ինչ է նկատվում, մենք ավելի շատ տեսնում ենք ԱՄՆ-ի կողմից աշխուժություն, որն ուղղակի ձայնակցում է Իլհամ Ալիևի ասածներին։ Հոկտեմբերին տեսա նյութ, որտեղ հստակ կար այն ուղերձը,  որ ՀՀ նախկին իշխպանությունները չեն ունեցել լեգիտիմություն, ուստի չէին կարող Արցախի հարցի հետ կապված ընդունել որոշումներ, բայց այսօր ստեղծվել է լեգիտիմ իշխանություն, որին կարծես թե պարտադրում են գնալ այն լուծումներին, որոնք պոպուլյար չեն, և որոնցից խուսափել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքական շատ ուժեր կա՛մ լռության են մատնում Արցախի հարցը, կա՛մ դրսևորում են կրավորական դիրքորոշում։ Եղել է միայն մեկ քաղաքական ուժ՝ ՀՀ առաջին նախագահի ղեկավարությամբ, որը մինչև 2017 թվականը հայտարարում էր, որ Արցախի ազատագրված տարածքները պետք է հանձնվեն: «Մյուսներն այս հարցում շատ հեղհեղուկ են»,- շեշտեց Լ. Ալավերդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս