Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի համադաշնություն ավարտվել է Թոփալյան վարժարանում ամանորյա հանդեսով
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել:
Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Անահիտ Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վահե Գաբրաշի, Ճարտարապետ Իռմա Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր: Աննա Հակոբյանին պատմել են հուշահամալիրի կառուցման պատմությունը, այն դժվարությունները, որոնց միջոցով անցել է համայնքը մինչ բացումը և այն խորհուրդը, որ կրում է հուշահամալիրը: Աննա Հակոբյանը նախ շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի համար և խոստովանել, որ տպավորված է հուշահամալիրից, քանի որ այն առանձնանում է իր տեսակով, դիզայնով և պատմությամբ:
Այցի հաջորդ կանգառը Ժնևի հայկական Թոփալյան վարժարանն էր, որտեղ Աննա Հակոբյանը մասնակցել է դպրոցի սաների ավարտական հանդեսին: Վարժարանի տնօրեն, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը ներկայացրել է հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությունը՝ հավելելով, որ ոչ միայն Ժնևի այլև հարևան Ֆրանսիայի մի շարք քաղաքների հայ մանուկները վարժարանի շնորհիվ սովորում են մայրենի լեզվով գրել և կարդալ:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին և ուսուցչական կազմին հայրենանվեր գործունեության համար, Աննա Հակոբյանը նշել է, որ վարժարանը կատարում է ամենակարևոր առաքելությունը՝ հայ մանուկներին սովորեցնում է մայրենի լեզու և կապում հայրենիքի հետ:
Այցի ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպանատուն, ծանոթացել դեսպանատան առօրյային:
Այցի ավարտին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Ժնևում տպագրվող «Արձագանք» թերթին, խոսել Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին ունեցած իր ապրումներին, Հայաստանում կնոջ դերի բարձրացման ինչպես նաև իր գործունեության մասին: