Brexit-ի շուրջը նոր հանրաքվեն անուղղելի վնաս կհասցնի կառավարության քաղաքականությանը. Թերեզա Մեյ
Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումն անուղղելի վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությանը: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ճառում, որով նա դեկտեմբերի 17-ին ելույթ կունենա երկրի խորհրդարանի Համայնքների պալատում, եւ որից երկուշաբթի օրը մեջբերումներ է անում Press Association գործակալությունը:
«Եկեք չխախտենք բրիտանացի ժողովրդին տված խոստումը: Հերթական քվեարկությունն անուղղելի վնաս կհասցնի մեր քաղաքականության ամբողջականությանը»,- կարծում է Մեյն՝ ընդգծելով, որ նոր հանրահարցումն ընտրողների մեջ հարցականի տակ կդնի «Ժողովրդավարություն իրականացնելու»՝ պահպանողականների ունակությունը: Մեյը նաեւ գտնում է, որ նոր հանրաքվեն «էլ ավելի կպառակտի երկիրն այն պահին, երբ անհրաժեշտ է աշխատել նրա միավորման համար»:
Համայնքների պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունը կհետեւի բրիտանական մամուլում հայտնված այն տվյալներին, թե Միացյալ Թագավորության կառավարության առանձին անդամենր քննարկում են Brexit-ի շուրջը հերթական հանրաքվե անցակացնելու հնարավորությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է The Times թերթը, Մեծ Բրիտանիայի կառավարության անդամների մեծամասնությունն անկենսունակ է համարում Brexit-ի պայմաններին վերաբերող համաձայնագիրը, որին հասել են Մեյը եւ Եվրամիության ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: