«Գողացել են ոչ թե Կիմ Երիցյանի ու նրա կնոջ գերեզմանաքարերը, այլ երեսպատման սալաքարերը». Լևոն Բարսեղյան
Դեկտեմբերի 12-ին լուրեր տարածվեցին, թե «Կոմիտասի» անվան պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի ու նրա կնոջ գերեզմանաքարերը։
«Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լևոն Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե գողացել են գերեզմանաքարերը, այլ երեսպատման սալաքարերն են պոկել, իսկ Կիմ Երիցյանի աճյունը հանգչում է ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ Երևանի քաղաքային պանթեոնում:
«Պոկված, գողացված երեսպատման սալաքարերի հետ կապված՝ ես դիմել եմ Կառավարությանը: Նոյեմբերի 22-ին՝ Կիմ Երիցյանի ծննդյան օրը, արտասահմանցի մեր հյուրերի հետ պետք է այցելեինք նրա շիրմին, բայց ճանապարհին տեղեկացրին, որ քարերը պակասում են, դրա համար ստիպված գնացինք Վարդանանց փողոցում գտնվող հուշատախտակի մոտ ծաղիկներ դրեցինք»,- ասաց «Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը:
Հարցին՝ դիմե՞լ են արդյոք ոստիկանություն, Լևոն Բարսեղյանը պատասխանեց.
«Ես ինչո՞ւ դիմեմ ոստիկանություն, Կառավարությունը թող դիմի: Թող գտնեն երեսպատման սալաքարերը, ո՞ւր են դրանք: Մենք դիմել ենք Կառավարությանը, իրենք՝ Քաղաքապետարան, նրանք էլ՝ «Թաղման բյուրո», և հարցը կարգավորվել է: Երեսպատման սալաքարերն արդեն պատրաստ են: Հուսանք, նման դեպքեր այլևս չեն լինի: Գերեզմանները մեր սրբությունն են»:
Անի Կարապետյան