ՊԵԿ-ը` ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների` այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման հարցերի վերաբերյալ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տրամադրել են հետևյալ պարզաբանումը.
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները:
Այսպես,
ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում:
Նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը:
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է կամ ծառայության մատուցումը որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց:
Միաժամանակ, մինչև 01.07.2018թ. օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում էր (հարկի հաշվարկը կատարվում էր) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ 01.07.2018թ.-ից վերոնշյալ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով` համաձայն 21.06.2018թ. ՀՕ-338-Ն օրենքով կատարված փոփոխությունների:
Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա ենթակետի համաձայն՝ հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից:
Հետևաբար` եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում` նվիրատվությամբ) օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան:
Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված` ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն օրենսդրական լուծումների ճանապարհով, որը չի գտնվում ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակում»: