Բաժիններ՝

«Արսենալ»-«Ղարաբաղ». առաջատարի և ետնապահի հանդիպումը

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին խաղում կհանդիպեն E խմբի առաջատարն ու ետնապահը: «Արսենալը» այլևս ոչ մի դեպքում չի կորցնի խմբի առաջատարի դիրքը, իսկ «Ղարաբաղը» ցանկացած դեպքում կլքի մրցաշարը:

«Արսենալ»

«Արսենալը» մրցաշարի այս հատվածում պարզապես անպարտելի է: Ունայի Էմերիի թիմը չի պարտվել արդեն 21 խաղ անընդմեջ: Լոնդոնյան ակումբը չի պարտվում, սակայն շատ է ավարտում խաղերը ոչ-ոքի արդյունքով: Ունայի Էմերիի սաները վերջին հանդիպումներում ոչ-ոքի են խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2), «Քրիսթալ Փելեսի» (2:2), «Լիվերպուլի» (1:1) և «Վուլվերհեմթոնի» (1:1) հետ:

«Արսենալը» բավականին հեշտ և առանց խնդիրների անցավ Եվրոպա լիգայի խմբային փուլը: Լոնդոնցիները որոշ խնդիրներ ունեցան միայն «Սպորտինգի» հետ խաղերում (1:0, 0:0): «Վորսկլային» Մխիթարյանն ու ընկերները երկու անգամ հաղթեցին՝ 4:2 և 3:0 հաշիվներով, իսկ «Ղարաբաղին» մրցակցի հարկի տակ պարտության մատնեցին  3:0 հաշվով:

Կարդացեք նաև

Այս խաղին վնասվածքների պատճառով հստակ չեն մասնակցի Ռոբ Հոլդինգը, Դենի Ուելբեքը և Կոստանտինոս Մավրոպանոսը:

Ունայի Էմերին կարող է խաղալ շատ փորձարարական կազմով և հանգիստ տալ առաջատարներին, քանի որ այս խաղում այլևս լուծելու խնդիրներ չունի:

«Ղարաբաղ»

«Ղարաբաղն» անցյալ մրցաշրջանում խաղում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սակայն չկարողացավ դուրս գալ փլեյ օֆֆ: Այս անգամ այդքան հեռու գնալ չստացվեց:

Սա 4-րդ անգամն է, որ «Ղարաբաղը» խաղում է Եվրոպա լիգայի խմբային փուլում, սակայն ոչ մի անգամ չի կարողացել հաջողության հասնել և դուրս գալ խմբից: Այս անգամ հաջորդ փուլ դուրս գալ ևս չստացվեց, քանի որ ադրբեջանական թիմը խմբի վերջին հորիզոնականում է: Բացի այդ, սա այս թիմի ամենավատ արդյունքը կլինի պատմությունում, եթե նրանք պարտվեն «Արսենալին»:

Պետք է նշել, որ «Ղարաբաղն» այլևս ուժեղագույն ակումբը չէ նաև սեփական առաջնությունում, քանի որ 3 միավորով զիջում է առաջատար «Նեֆթչիին»:

Ընթացիկ խմբային փուլի ժամանակ «Ղարաբաղը» պարտվեց «Արսենալին» (0:3):  «Վորսկլային» 0:1 պարտվելուց հետո թիմը կարողացավ ռևանշի հասնել՝ երկրորդ խաղում հաղթելով նվազագույն հաշվով: «Սպորտինգի» հետ խաղերը ևս անհաջող էին՝ 0:3 և 1:6:

Ադրբեջանական թիմում կա վնասվածք ունեցող միայն մեկ խաղացող՝ հարձակվող Ինոսենտ Էմեգարան:

«Արսենալի» համար այս խաղը ոչինչ չի նշանակում, սակայն սեփական հարկի տակ և սեփական երկրպագուների աչքի առաջ լոնդոնցիները չեն ցանկանում վատ արդյունք ցուցադրել: Բացի այդ, թիմը փորձում է որքան հնարավոր է երկարացնել անպարտելիության շարքը:

Ամենայն հավանականությամբ, անգամ երկրորդ կազմով, «Արսենալը» կլինի ավելի ուժեղ, քան մրցակիցը:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս