Հայաստանում գնալով աճում է դրսից եկած էժան աշխատուժը. Ինչ վտանգներ կարող են լինել
Վերջին շաբաթների ընթացքում սոցիալական ցանցերում գրառումներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանում գնալով աճում է դրսից եկած էժան աշխատուժը, մարդիկ գալիս են Տաջիկիստանից և Հնդկաստանից ու Հայաստանում «կոպեկներով աշխատում շինարարության և գյուղատնտեսության ոլորտում»։
Այս թեմայի հետ կապված՝ տնտեսագետ Հայկ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով իր մտահոգությունն առ այն, որ տեխնոլոգիաները զարգացնելու փոխարեն՝ դիմում են էժան աշխատուժի, ինչը նպաստում է տնտեսության արատավոր մոդելի ձևավորմանը:
«Ոչ կվալիֆիկացված աշխատուժը և տեխնոլոգիական զարգացման նույնքան ցածր մակարդակի արդյունքում կունենանք հետամնաց բիզնեսի ու ծույլ տնտեսվարողների հզորացում ու փաստացի դեմպինգային մրցակցություն, տեխնոլոգիական մոդեռնիզացման կանգնեցում, երրորդ աշխարհի տնտեսական մոդելի ներմուծում, ապագայում՝ սոցիալական, ազգամիջյան ու քրեական բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգեցնելու են նաև միջազգային խնդիրների, հենց մի հատ տաջիկի կամ հնդիկի ոտքը տրորվի, երկրի կազմի վտանգավոր փոփոխություն՝ որակական իմաստով, որակյալ կադրերի արտահանում, ու անորակ աշխատուժի ներմուծում, թաքցված աշխատուժի շահագործում, հարկերից խուսափում, աշխատանքային օրենսդրության խախտում, բիզնեսի քրեականացում, այդ թվում՝ միջազգային մասշտաբով:
Հետագայում ո՞ւր են այդ մարդիկ պաշտոնապես «կորում» աշխատուժի շուկայում, ինչ է իրենց հետ կատարվում, երբ գործից հանում են, կամ անձնագրերը ձեռքից առնում, ու ինչ են անելու, երբ դրանք անգործ ու սոված քանակ կազմեն Երևանի ու մեր գյուղերի փողոցներում: Ես կհասկանայի, եթե Հնդկաստանից ծրագրավորողներ ու ինժեներներ հրավիրվեին, բայց գյուղտեխնիկա առնելու փոխարեն՝ տաջիկ են բերում, որովհետև պետական կարգավորում չկա: Իսկ եթե չլինի, ոչ մի զարգացում չի լինելու»,- նշել էր տնտեսագետը։
168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով հիշատակված մտահոգություններին՝ նկատեց, որ նախ՝ պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչ ճանապարհով է գնում և զարգացման ինչ թիրախներ ունի։
«Վերը նշված խնդրի հետ կապված կարող են հնչել փորձագիտական տարբեր կարծիքներ ու մտահոգություններ, օրինակ, եթե դրսից Հայաստան բերեն էժան աշխատուժ, ապա երկրում գործազրկության բարձր մակարդակի ֆոնին սոցիալական ի՞նչ խնդիրներ կառաջանան։ Կարծում եմ՝ այս խնդրին պետք է ավելի գլոբալ մոտենալ և որոնել ավելի արմատական լուծումներ։ Նախ՝ պետք է հասկանալ, թե որոնք են Հայաստանի ազգային մրցակցության առավելությունները և դրանով պայմանավորված՝ Համաշխարհային տնտեսության մեջ, մասնավորապես՝ տարածաշրջանում Հայաստանն ինչ տեղ կարող գրավել։ Հաշվի առնելով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միտումները՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը և ԵՄ-ին-ի հետ օրեցօր սերտացող հարաբերությունները»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը տնտեսության զարգացման քաղաքականության մեջ հստակություն մտցնի: Նա վստահեցրեց, որ դեռևս ոչ ոք պատկերացում չունի, թե ազգային մրցակցության առավելությունները որտեղ են դրսևորվում, կամ որ ծառայությունները կարող են այդպիսին հանդիսանալ։
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ այս ամենը հաշվի առնելով, նախ՝ պետք է մշակվի ռազմավարություն, որը նախկինում մշակվել է և նախորդ երկու կառավարությունների կողմից անհայտ պատճառներով անտեսվել է և այսօր կարիք կա վերանայելու։
«Խոսքը 2013-2025 թվակակնների ռազմավարության մասին է, ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարիք ունի այդ ռազմավարության։ Նաև՝ ազգային տնտեսության մոդելի ձևավորում պետք է լինի, որի փնտրտուքը մինչ օրս շարունակվում է։ Կարծում եմ՝ սոցիալական-շուկայակական մոդելին այլընտրանք չկա, երկար տարիներ պայքարել եմ, որ այդ մոդելն արմատավորվի, ինչն արդեն ամրագրված է ՀՀ սահմանադրությունում։ Եթե որդեգրում ենք նման մարդակենտրոն մոդել, բնականաբար պետք է հոգ տանենք մարդկանց, հատկապես՝ աշխատող և բարձր որակավորում ունեցող աշխատավորների համար»,- շեշտեց տնտեսագետը։
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Հայաստանի ապագան պետք է լինի որակյալ աշխատուժը, սակայն, դրանով հանդերձ, անձամբ իրեն չի մտահոգում Հայաստան եկած էժան աշխատուժը, քանի որ նման իրավիճակ կա բազմաթիվ զարգացած երկրներում։ Ուստի Հայաստանը պետք է հավակնի դառնալ զարգացած երկիր, ինչի հավանականությունը բարձր է:
«Այս տեսանկյունից եթե հարցը դիտարկենք, ապա մտահոգությունները կարող են փարատվել, և, եթե համարժեք գործողություներ լինեն»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։
Զվարթ Խաչատրյան