
Աննա Հակոբյանն ու «Anna Kara loans» ընկերության հիմնադիր Աննա Կարան քննարկել են համագործակցության հարցեր

Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara loans» ընկերության և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:
Արդեն 9 տարի է հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին՝ հոգում նրանց կացության, մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցերում:
«Թավշյա հեղափոխությունից հետո մեծ ոգևորություն եմ ապրում և մտադիր եմ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերն ընդլայնել, ընկերներիս հետ միասին ներդրումներ անել, կառուցել հատուկ կենտրոն, որը կլինի օթևան մանկատունն ավարտած երեխաների համար: Այդ օթևանում նրանք ձեռք կբերեն կյանքի հմտություններ, պահանջված մասնագիտություններ և կօգնեն տեղավորվել աշխատանքի»,-հանդիպման ընթացքում ասել է Աննա Կարան՝ հավելելով, որ թե´ ինքը, թե´ իր բիզնես գործընկերներն ու բազմաթիվ ամերիկահայեր մտադիր են աջակցել և սերտորեն համագործակցել «Իմ Քայլը» հիմնադրամի հետ:
Աննա Հակոբյանն էլ վստահեցրել է, որ մանկատան սաների համար օթևան կառուցելու հարցում ինքն ու հիմնադրամը պատրաստ են աջակցել և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: «Շատ կարևոր է որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում, և ներկա դրությամբ հիմնադրամն աշխատում է այդ ուղղությամբ և պատրաստ է համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,-ասել է Աննա Հակոբյանը: