
«Պարոն Ծառուկյանը հրաշալի մամուլի խոսնակ ունի՝ Իվետա Տոնոյանը, մի փորձեք Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները ստանձնել». Նաիրա Զոհրաբյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Ես զարմանում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական ողջ փուլում իր անելիքները թողած՝ զբաղված էր «Բարգավաճ Հայաստանին» (ԲՀԿ) թիրախավորելով»,-168.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
«Երեկ էլ հարգարժան Էդմոն Մարուքյանը հայտարարություններ է անում Գագիկ Ծառուկյանի անունից, թե՝ Ծառուկյանը այս է ասել, այն է ասել… Պարոն Մարուքյան, պարոն Ծառուկյանը հրաշալի մամուլի խոսնակ ունի՝ Իվետա Տոնոյանը, և դուք մի փորձեք Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները ստանձնել, ձեզ մոտ դա շատ վատ է ստացվում, զբաղվեք ձեր գործով։ Կարծում եմ՝ դուք շատ անելիքներ ունեք՝ ձեր ներքին կուսակցական խնդիրները լուծելու համար»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմադիր ուժ խորհրդարանում։ «ԲՀԿ ղեկավարի կողմից բազմիցս հայտարարվել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն։ Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրանց խոցելիությունը, նաև այն, որ քաղաքականությունը և բիզնեսն այդպես էլ չեն տարանջատվել նաև նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանական հատվածում ընդդիմադիր լինելու ռեսուրսն ունի միայն ԼՀԿ-ն»,-ասել է Մարուքյանը։