Տեղյակ ենք այս ընտրությունների շուրջ ձևավորված յուրահատուկ մթնոլորտի մասին, բայց մենք պետք է չտրվենք քաղաքական համակրություններին. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար

«Չունենք լուրջ անհանգստություններ»,- այսօր այս մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը՝ անդրադառնալով դիտորդական առաքելությանը:

Նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում` Հյուսիսից Հարավ, Արևելքից Արևմուտք: Ավելին, ըստ նրա, յուրաքանչյուր խումբ օրվա ընթացքում կդիտարկի մեկ տասնյակից ավելի տեղամաս, ապա նաև կմասնակցի հաշվարկին, առանձին մի խումբ կհետևի,թե ինչպես են քվեարկված թերթիկները պարկերով հասնում ԿԸՀ և ինչպես են արդյունքները մուտքագրվում համակարգիչ, և արդյոք այդ ամենը համապատասխանում է միջազգային չափանիշերին:

«Դիտորդները հետևում են,թե ինչ է կատարվում տեղամասում և դրանից դուրս, իրենց դիտարկումները լրացնում են հատուկ ձևաթղթերում էլեկտրոնային գրիչների միջոցով, դրանք փոխանցում են համակարգին տեղեկությունն անմիջապես, և տեղեկատվությունը մշակվում է  ստացվելուն զուգահեռ»,- ասաց Ուրսուլա Գաչեկը:

Նա նշեց նաև, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 35 դիտորդներ Հայաստանում են նոյեմբեր ամսից, հետևել են նաև նախընտրական վիճակին և իրենց եզրակացությունները կներկայացնեն վաղը, սակայն լուրջ մտահոգություններ, ըստ առաքելության ղեկավարի, չունեն: «Չունենք լուրջ անհանգստություններ»,- ասաց նա:

Նրա խոսքով, սա 10-րդ անգամն է, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները Հայաստանում են:  Դիտորդները չեն ցանկանում համեմատել նախկին ընտրություններն այսօր տեղի ունեցող ընտրությունների հետ, քանի որ իրենք անկախ դիտորդներ են և իրենց  անկախ եզրակացությունները տեղ կգտնեն զեկույցներում:

«Իհարկե, մենք տեղյակ ենք այս ընտրությունների շուրջ ձևավորված յուրահատուկ մթնոլորտի մասին: Այնուամենայնիվ, մենք պետք է լինենք անկողմնակալ, բացարձակ անկախ` չտրվելով քաղաքական համակրությունների: Մենք այստեղ ենք գործընթացը դիտարկելու համար, համոզվելու համար, որ այն համապատասխանում է միջազգային չափանիշերին, համապատասխանում է ՀՀ ընտրական օրենսգրքին և այլ օրենքների»,- ասաց Գաչեկը:

Տեսանյութեր

Լրահոս