Արթուր Վանեցյանը՝ գաղտնալսման, ընտրությունների և Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը խորհրդարանական ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց 4/35 ընտրատեղամասում։

Քվեարկությունից հետո Արթուր Վանեցյանը նշեց, որ այս ընտրությունները պատմության մեջ լինելու են ամենարդար և նախադեպը չունեցող ընտրությունները։

«Ընտրեցի հանուն ազատ և անկախ Հայաստանի, կարևորը` մի Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու, թե ով է լինելու իր իշխանությունը։ Այս պահին ողջ հանրապետության տարածքում օպերատիվ իրավիճակը վրահսկվում է և որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, բոլոր տեղամասերը նշված ժամին բացվել են, միայն եղել է մեկ-երկու դեպք, երբ տեղամասերը հոսանքազրկված են եղել և այլն, բայց արդ հարցերը շատ արագ շտկվել են։ Այս պահին ամեն ինչ նորմալ է և վստահ եմ, որ ամբողջ ընտրության ընթացքը նույն կերպ է լինելու»,- ասաց Ա. Վանեցյանը։

Ըստ նրա, ընտրակաշառքի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն, օպերատիվ միջոցներով աշխատում են և եթե լինի կաշառքի որևէ դեպք, ապա ԱԱԾ-ն և ոստիկանությունն անմիջապես դրան կարձագանքեն։

Խոսելով իր և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգի գաղտնալսման մասին, ԱԱԾ պետը նշեց, որ բոլորն էլ այդ գաղտնալսման ձայնագրությունը լսել են, որից, ըստ նրա, մոնտաժել են այն մասերը, որը ձեռնտու չէ գաղտնալսողներին։

«Եթե ԱԱԾ տնօրենը վարչապետին զեկուցում է մի տեղեկատվություն, ապա չի մանրամասնում, թե որտեղից է ստացել տեղեկատվությունը, ով է իրեն զանգել և այլն։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, վարչապետն ասաց, որ ապահովեմ դատարանի անկախությունը, որպեսզի որևէ մեկը չփորձի դատարանի վրա ճնշում գործադրել, սա է եղել վարչապետի հիմնական ասածը։ Ես որևիցե բան չեմ արել, որից երբևէ կամաչեմ. գաղտնալսումը կա, չեմ արել մի բան որի համար կամաչեն իմ հարազատները և ծնողները կամ ես պարզ երեսով չեմ կարող նայել ժողովրդի աչքերին։ Չեմ կարծում, որ ինչ-որ սարսափելի բան է եղել, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,-ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում ամենաշատն ինքն է ուզում, որ բացահայտվի գաղտնալսումը։
Նա վստահեցրեց, որ որևէ դատավորի հետ չի խոսել, անգամ իր անձնական հեռախոսի պարունակություն է վերծանվել։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր կալանավորումը վենդետա է իշխանությունների կողմից, Արթուր Վանեցյանն ասաց, որ Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, այլ կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։

«Քննչական մարմինը ներկայացրել է մեղադրանքը, դատարանում ամեն ինչ պարզ կլինի»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս