
Թաիլանդում զբոսաշրջիկներին արգելել են պլաստիկե տոպրակներ օգտագործել

Թաիլանդի Կո Սամեթ կղզում արդեն չի կարելի պլաստիկե տոպրակներ կամ տուփեր օգտագործել: Սահմանված կարգը խախտողներն ստիպված կլինեն տուգանք վճարել: Այդ մասին հայտնել է АТОР-ը:
Փաթթայայից 100 կիլոմետր հարավ գտնվող Կո Սամեթի իշխանությունների հաղորդումների համաձայն՝ կղզու ամբողջ տարածքը հայտարարված է պլաստիկե տոպրակներից եւ պենոպոլիստիրոլե տուփերից ազատ գոտի: Դրանց փոխարեն զբոսաշրջիկներին առաջարկում են օգտագործել բնական նյութերից պատրաստված տոպրակներ եւ անոթներ:
Ամեն օր Կո Սամեթ է այցելում միջին հաշվով 1500 զբոսաշրջիկ, որոնցից յուրաքանչյուրը, իշխանությունների հաշվարկներով, կղզում թողնում է առնվազն ութ պլաստիկե տոպրակ: Արդյունքում օրական այնտեղ կուտակվում է շուրջ 12 000 չքայքայվող տոպրակ: Մինչդեռ, 1981 թվականից կղզին ճանաչվել է Ազգային արգելոց, եւ իշխանությունները երկյուղ են կրում, որ այդ քանակությամբ պլաստիկը կարող է բնապահպանական աղետի հանգեցնել: