«0038 հրամանը որևէ կերպ չէր կարող դրվել ո՛չ մեղադրանքի, ո՛չ կալանավորման հիմքում». Հայկ Ալումյան
«Չհամեմատեք դատավոր Ալեքսանդր Ազարյանին դատավոր «Հրաչիկ-Վաչիկի» հետ։ Եթե առիթը գա՝ կարող են բացահայտել, թե ով է Հրաչիկը, ով՝ Վաչիկը։ Բացահայտման հարցում մեզ կարող է օգնել Նիկոլ Փաշինյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
Նրա խոսքով՝ դատավորներից մեկն ունի քաղաքացիական արիություն, մյուսը՝ ոչ։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ 0038 հրամանը որևէ կերպ չէր կարող դրվել ոչ մեղադրանքի, ոչ կալանավորման հիմքում.
«Այն թուղթը, որ այսօր գոյություն ունի, չի կարող համարվել հրաման, որովհետև այն չունի փաստաթղթի համար օրենքով անհրաժեշտ պայմանները։ Եթե ՀՔԾ-ն թույլ տար, որ այդ հրամանը ձեզ թույլ տայինք, ոչինչ չէր կարողանա ասել։ Դրա համար ես խնդրում եմ ՀՔԾ-ին թույլ տալ, որ այդ թուղթը ցույց տանք։
Այդ հրամանի վրա չկա տարեթիվ, ամիս-ամսաթիվ։ Այն, ինչ ներկայացված է դատարան ու տրված է մեզ, այդ ամենը չկա, դատարանը չի կարող հավատալ ՀՔԾ-ին, պետք է հավատա այն բանին, ինչ տեսնում է իր աչքերով։ Իսկ դատարան ներկայացված փաստաթղթում, ինչպես նշեցի, չկա ամիս-ամսաթիվ, հերթական համար, հրամանին բնորոշ մնացած հատկանիշները»։
Ալումյանն ասաց, որ ինչքան շատ խոսվի 0038 հրամանի մասին, այնքան շատ կհամոզվենք, որ այդ հրամանով մեղադրանքի որևէ դրվագ կամ կալանավորման հետ կապված որևէ հանգամանք հաստատվել չի կարող. «Կգա այն օրը, երբ այդ հրամանը կդրվի ձեր առաջ և այս օրը կհիշեք, որ այդ հրամանում որևէ բան չկա, որ կարող էր մեկնաբանվել պարոն Քոչարյանի դեմ»։