Սոցիալապես անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմաց սուբսիդիա պետք չէ տալ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավ իրականացրեց Գավառում, իսկ Մաշտոցի պուրակում  կամփոփեն  ընտրարշավը:

Նրանք պնդում են՝ անհրաժեշտ և  նոր, լեգիտիմ Սահմանադրության ընդունումը, կուսակցությունների, այլ հասարակական միավորումների գործունեության թափանցիկությունը և ժողովրդավարությունը երաշխավորող նոր օրենքների ընդունումը, նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, հանրային ունեցվածքը յուրացրած նախկին ու ներկա պաշտոնյաների կողմից հանրությանը փոխհատուցելու դիմաց նրանց նկատմամբ համաներման կիրառումը և հետագայում պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը երաշխավորող օրենսդրական փոփոխությունները, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների պարզեցումը և ներդրումը, անցումային արդարադատության կիրառումը։

Կուսակցության անդամ Հովհաննես Կարապետյանի խոսքով՝ փորձել են ծրագրում ներառել նաև էներգետիկայի ոլորտը, որը շատ կարևոր է:

«Էներգետիկ անվտանգության լուծման համար մեր երկրում  անհրաժեշտ է էներգակիրներից մեծ կախվածություն նվազեցում, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացում, էներ­գիայի սպառման բնական աճի ընթացքում բավարար արտադրող և փոխանցող համակարգի ստեղծում, էլեկտրամատակարարման բաշխիչ համակարգի վերազինում, վերականգնվող էներգե­տի­կայի զանգվածային կիրառում, վառելիքի շուկայի դիվերսիֆիկացում: Մենք ուզում ենք, որ էլեկտրաէներգետիկան  այնքան զարգանա, որ Հայաստանի համար դառնա առաջին 5-յակի կամ 3-յակի մեջ մտնող, վաճառվող ապրանքներից, ինչպես նաև կապեր հաստատենք Ռուսաստանի, Թուրքիայի հետ: Հիմա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր են կառուցում (400 ԿՎտ) դեպի Վրաստան և Իրան, որը մեզ հնարավորություն կտա տարածաշրջանում կապող օղակ դառնալ:

Որպես այս ոլորտի մասնագետ՝ ես դեմ եմ սուբսիդիաներին: Սոցիալապես անապահով ընտանիքներին էլէներգիայի սակագնի բարձրացման դիմաց սուբսիդիա են տալիս: Բայց կարելի է սրա փոխարեն՝ տալ լուսադիոդային (LED) լամպեր, որը հնարավորություն է տալիս նույնչափ խնայել, կրճատել հոսանքի ծախսը: Ե՛վ պետության վրա բեռ չի դառնում, և՛ մարդկանց: Այսինքն, ոչ թե պետք է տանք ձուկը, այլ՝ կարթը, որ  մարդը գնա ձուկ բռնի՝ ունենալով նույն էֆեկտը: Պետությունը կարող է կամ այդ լամպերից տրամադրել, կամ պատուհանները, տունը ջերմամեկուսացնել: Մեկ անգամ կանի և հետո սուբսիդիային հատկացվող գումարները կուղղի այլ ծրագրերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Հովհաննես Կարապետյանը:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին՝ նշեց, որ 12 օրը շատ քիչ է եղել, և ինքն ու  շատ կուսակից ընկերներ չեն կարողացել իրենց ընտրատարածքում լիարժեք իրազեկում իրականացնել:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս